News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանին կասկածում են սպանության դրդման մեջ, սակայն կասկածանքի մեջ որեւէ տեղեկություն նշված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հայկ Ալումյանը, ում հաջողվել է այսօր տեսնել իր պաշտպանյալին:

«Կասկածանքները ծայրահեղ անորոշ են, ինքը լիարժեք հերքում է դրանք: Գրված է, որ կասկածում են սպանության դրդման մեջ, սակայն որեւէ բառ չկա եւ չեն ասում, թե ում է դրդել, երբ, ինչպես է դրդել: Արա Բուդաղյանը հայտարարել է, որ ինքը ոչ մեկին էլ չի դրդել, փորձում էին հարցեր տալ, հարցաքննել կասկածանքի էության մասին, սակայն ինքը ասաց, որ կասկածանքի էությունը բացատրեք, որպեսզի  անդրադառնամ դրան: Արա Բուդաղյանը նշեց, որ երբեւէ որեւէ մեկին չի դրդել որեւէ հանցագործություն անել»,-ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանն ասաց, որ խուզարկությունների արդյունքում Բուդաղյանների տնից հայտնաբերել են օրինական զենք՝ փամփուշտներով, որեւէ այլ բան չեն գտել: Վաղը պատրաստվում են Արա Բուդաղյանին մեղադրանք առաջադրել ՔՕ-ի 38-34-104-րդ հոդվածներով՝ սպանության փորձի դրդում, եւ միջնորդություն ներկայացնեն դատարան՝ խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Մյուս կասկածյալների մասին Հայկ Ալումյանը որեւէ տեղեկություն չուներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ