News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Մանուել Վալսի մասնակցությամբ այսօր՝ հուլիսի 4-ին, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում հայկական վարժարան է բացվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեծ հպարտություն է մասնակցել գեղեցիկ եւ կարեւոր այս արարողությանը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում նոր վարժարանի բացումը երկու մեծ խորհուրդ է պարունակում. նախ՝ այն եւս մեկ անգամ ընդգծում է հայի կենսակերպում եւ մշակույթում կրթության նկատմամբ մեծագույն վերաբերմունքը եւ ուսման ձգտումը: Եվ երկրորդ՝ կրթօջախի հիմնումը վերածննդի, ազգի ապագայի խորհրդանիշ է: Այո՛, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերին խաղաղ տանիք ու ապահով կյանք տված եւ հաջորդող սերունդների հայրենիք դարձած Ֆրանսիայում բացվող այս նոր կրթօջախը եւս մեկ անգամ ազդարարում է, որ մեր ժողովրդի բնաջնջումը ծրագրած Օսմանյան Կայսրության քաղաքականությունն ի դերեւ է եղել, որ հայերը ապրում եւ արարում են անկախ բնակության վայրից»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարը նաեւ երախտագիտության խոսք է հղել Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ ֆրանսահայ համայնքին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան առաջիններից էր, որը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եւ այսօր էլ շարունակում է ժխտողականության դեմ պայքարը:

«Այս հանդիսավոր պահին իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, պարո՛ն վարչապետ, որ այստեղ եք, եւ Ձեր ջերմ վերաբերմունքը մշտապես զգում է մեր համայնքը: Պարո՛ն քաղաքապետ, զգացված ենք Ձեր՝ բնակիչների նկատմամբ ունեցած հոգատար եւ մարդկային վերաբերմունքի համար: Եվ վերջապես իմ շնորհակալությունն եմ հայտնում պարոն Ռուքեին, որը մշտապես Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին է: Կրկին շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում նորանոր հաջողություններ, անկոտրում կամք եւ անսպառ եռանդ՝ ի շահ ֆրանսահայ համայնքի զորացման եւ հայ-ֆրանսիական ջերմ ու բարեկամական հարաբերությունների է´լ ավելի խորացման»,- եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:

Դպրոցաշինության, հայ մշակույթի զարգացման եւ հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարերար Գեւորգ Արաբյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն իր հերթին գոհունակություն է հայտնել Ալֆորվիլում հայկական դպրոցի բացմանը մասնակցելու առիթով՝ նշելով, որ դպրոցի բացման արարողությունը շատ կարեւոր է երկրի համար, քանի որ մատնանշում է  երիտասարդության ներկայությունը եւ ազգային արժեքների պահպանումը:

Մանուել Վալսը հատուկ շնորհակալություն է հայտնել պարոն Արաբյանին եւ ճիշտ համարել դպրոցի անվանակոչումը հենց Գեւորգ Արաբյանի անունով: Նա նաեւ տեղեկացրել է, որ հայկական վարժարանը պայմանագիր ունի ֆրանսիական պետության հետ եւ հավասարազոր ուժ ունի ֆրանսիական ազգային կրթական համակարգում:

«Այն փաստը, որ հայկական դպրոցի բացումը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շատ կարեւոր եւ խորհրդանշական իմաստ ունի: Այս տարի Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ին հայ ժողովրդի կողքին էր՝ Երեւանում: Իսկ ես Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, նույնպես հայ ժողովրդի կողքին էի: Ֆրանսիայի համար շատ կարեւոր է ցույց տալ, որ մենք հայերի կողքին ենք, քանի որ հայ ժողովուրդը շատ է տառապել եւ այն, ինչ տեղի է ունեցել, ես կոչում եմ ցեղասպանություն: Այո՛, դա ցեղասպանություն էր եւ մենք պետք է միասին պայքարենք ցեղասպանության ժխտողականության դեմ»,- հայտարարել է Մանուել Վալսը:

Հավելենք, որ վարժարանի բացմանը ներկա են եղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, երկու երկրների դեսպանները, Ալֆորվիլի քաղաքապետը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ