News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը պատրաստ կլինի հուլիսի վերջին: Այս մասին նշվել է ՀՀ արդարադատության նախարարությունում ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 3-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը՝ ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը, Միջազգային իրավական փոխօգնության եւ արտաքին կապերի վարչության պետ Գեւորգ Տումանովը, ինչպես նաեւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը եւ ՀՀ ԱԳՆ ԵԽ բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը:

Այցի նպատակն էր քննարկել արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը: Մասնավորապես՝ ի՞նչ ընթացքի մեջ են նոր Քրեական ու Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի մշակումը, բարեփոխումների ի՞նչ փուլում են քրեակատարողական համակարգն ու հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Ողջունելով հյուրերին՝ Արման Թաթոյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները եւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող համագործակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր ստանձնած միջազգային պարտավորություններին եւ մշտապես կատարելագործում է օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն եվրոպական չափանիշներին: Խոսելով քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացի մասին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ՀՀ խորհրդարանի առաջարկների հիման վրա լրամշակվել եւ ուղարկվել է Ազգային ժողով: Բացի այդ, նախատեսվում է, որ այս տարվա հուլիսի վերջին ավարտին կհասցվեն ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները: Նախատեսված է մինչեւ ս.թ. սեպտեմբեր միասնականացնել քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերի նախագծերի դրույթները:

ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են նաեւ վերջին բարեփոխումները, որոնցով ՀՀ միջազգային պարտավորություններին են համապատասխանեցվել խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերը: Խստացվել են խոշտանգման համար քրեաիրավական սանկցիաները:

Արման Թաթոյանը տեղեկացրել է նաեւ Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման մասին: Մասնավորապես՝ նախագծի հայեցակարգն արդեն իսկ ուղարկվել է միջազգային փորձաքննության. այն հիմնված է այնպիսի հիմնարար նոր սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ ռիսկային գնահատման ու անհատական մոտեցման, դատապարտյալներին ազատության նախապատրաստելու սկզբունքները եւ այլն:

Քննարկվել է նաեւ խտրականության դեմ պայքարի վերաբերյալ նոր համապարփակ օրինագծի մշակման հարցը:

Ալեքսանդր Գեսելը բարձր է գնահատել Հայաստանի ձեռնարկած բարեփոխումները եւ նշել, որ դրանք կնպաստեն համակարգի արդյունավետության բարձրացմանը, իսկ խտրականության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործումը չափազանց կարեւոր դեր կխաղա հետագայում համակարգի զարգացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանում իրավական եւ դատական ոլորտներում բարեփոխումների շուրջ:

Տպել
Ամենաշատ