News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը  հուլիսի 5-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր  ժողովին:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարեւորելով  նոտարների դերը սահմանադրական բարեփոխումների հետագա քննարկումներում: Անդրադառնալով  հանրային ծառայության ոլորտում նոտարի դերին՝ նա ընդգծել  է նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու քաղաքացիների կողմից դրական գնահատականի արժանանալը: Նախարարը կարեւորել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն ուղղված նոտարների առաջարկները՝ նշելով,  որ դրանց հիմնական մասը հաշվի են առնվել: «Ձեր կողմից որոշ արձագանքներ ենք ստացել, որոնք ձեզ համար մտահոգիչ են ու մշուշոտ: Այս միջոցառման ընթացքում կփորձենք պատասխանել բոլոր հարցերին եւ  քննարկել նախագծին առնչվող խնդրահարույց կետերը»,-նշել է նախարարը:  

Այս համատեքստում նա ընդգծել է նոտարի կարգապահությանն առնչվող նոր մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում նոտարը լինելու է ավելի պատասխանատու, միեւնույն ժամանակ՝ առավել պաշտպանված: «Այս համակարգն անընդհատ բարեփոխումների կարիք ունի, քանի որ ամենօրյա շփում ունի քաղաքացիների հետ: Դուք պետք է բռնեք   մեր գործընկերային ձեռքը՝ համակարգի կատարելագործման եւ  սպասարկման որակի բարձրացման նպատակով»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարը նոտարներին առաջադրել է 4 հիմնական  խնդիր, որոնց նշանակությունը համակարգի առաջխաղացման հիմքն են՝ սպասարկման որակ, որի հիմնական ցուցանիշը օրինականությունն է եւ միասնական նոտարական պրակտիկայի կիրառումը, քաղաքացիների հետ շփման որակ, ժամանակին եւ պարտաճանաչորեն հարկերի վճարում եւ  ՀՀ նոտարական պալատի նկատմամբ յուրաքանչյուրի պատասխանատվությունը: Նախարարը նաեւ անդրադարձել է պալատի կայացման տեմպերն արագացնելու անհրաժեշտությանը եւ ինքնակարգավորման մեխանիզմների լիարժեք գործարկման  կարեւորությանը: Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել նախարարության հետ պալատի ամենօրյա սերտ համագործակցությունից՝ կարեւորելով պալատի վարչակազմի եւ առանձին նոտարների  պարտաճանաչ եւ սրտացավ վերաբերմունքը ընդհանուր գործին: Նախարարը ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով է պարգեւատրել Իջեւան տարածքի  կենսաթոշակի անցած նոտար Սանամ Հովսեփյանին:

Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է նոտարական միասնական պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքներին,  «Էլեկտրոնային նոտար» համակարգի կիրարկմանը՝ կարեւորելով  դրա արդյունքում  թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորության բացառումը  եւ  սպասարկման որակի բարձրացումը:

Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը շնորհավորել  է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ  ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2015 թվականի առաջին կիսամյակի  գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:

Հասմիկ Հարությունյանը կարեւորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները,  «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը եւ այլն: «Ես հորդորում եմ բոլոր նոտարներին անմասն չմնալ Նոտարական պալատի ձեռնարկած տարաբնույթ միջոցառումներին մասնակցելուց: Պալատի կայացման եւ զարգացման գործում մեծ է յուրաքանչյուր անդամի  դերը»,- նշել է Նոտարական պալատի նախագահը եւ շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարարին եւ նախարարի առաջին տեղակալին աջակցության եւ խնդիրների արագ լուծման հարցում արձագանքման եւ օժանդակության համար:

Տպել
Ամենաշատ