News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Երեւանյան ամառ 2015» ծրագրի հերթական նորույթը «Խոսող խաղալիք» հեքիաթների հերոսների առաջին շքերթ-փառատոնն էր, որը Միսակ Մանուշյանի անվան պուրակ էր կանչել հարյուրավոր երեխաների։

«Այս ջերմ մթնոլորտը Երեւանին բնորոշ է։ Այսօր «Երեւանյան ամառ 2015»-ի հերթական մանկական տոնական օրն է, որ մեծերս պարգեւում ենք մեր փոքրիկներին ու նրանց ուրախությամբ տոնական դարձնում նաեւ մեր օրը։ Շնորհակալ եմ բոլոր խմբերին, որոնք մասնակցում են «Խոսող խաղալիք» առաջին շքերթ-փառատոնին»,- փառատոնի բացման խոսքում նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Տիկնիկային թատրոնների ղեկավարներն ու դերասաններն այս փառատոնը կարեւորում են հատկապես տիկնիկային մշակույթը տարածելու առումով. տիկնիկները «դուրս են եկել» թատրոններից եւ երեխաներին կանչելու են թատրոններ։

«Ակամա հիշեցի՝ երբ տասնամյակներ առաջ ընդամենը 6 տիկնիկ էր դուրս գալիս հանդիսատեսին հանդիպելու, իհարկե, այդ 6 տիկնիկները անուն առ անուն երբեք չպետք է մոռացվեն. դրանք անուններ են, որոնք սկսեցին այս ամենը։ Այսօր, տոնական մի օր, հավաքվել ենք այստեղ… այսքա՜ն շատ տիկնիկներ։ Երեխաների հիշողությունում անջնջելի են մնալու այս պահերը։ Նրանք հոգեպես հարստանալու են, իսկ հոգեպես հարուստ երեխաներ ունեցող հասարակությունը հզոր հասարակություն է։ Ապրե՛ք»,- ներկաներին ողջունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը։

Փառատոնին մասնակցել են տասնյակ թատրոններ` մեկական ներկայացումով, ու կազմակերպություններ՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային եւ Երեւանի խամաճիկների պետական թատրոնները, «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան, «Օվասիս» խուլերի մնջախաղի թատրոնը, Կապանի «Տիկնիկ» մանկական տիկնիկային թատրոնը, Երեխաների հոգեւոր դաստիարակության եւ աջակցության կազմակերպությունը, «Երազանք» թատերախումբը, Աջափնյակ վարչական շրջանի «Վասպուրիկ» խամաճիկների թատրոնը, անհատ տիկնիկագործներ եւ այլն։

Տպել
Ամենաշատ