Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ են արձակվել, ձերբակալվածներ չկան, քրեական գործ չի հարուցվել ոչ մի ցուցարարի դեմ: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
«Ցանկացած ակցիա օրինականության դաշտում է թույլատրելի: Բողոքներ կան, որ բերման ենթարկելու ժամանակ որոշ ցուցարարներ բռնության են ենթարկվել, մենք ուսումնասիրում ենք: Մեր ներկայությունն այնտեղ նրա համար էր, որ պրովոկատորների ու սադրիչների բոլոր գործողությունները կանխարգելեինք եւ նման ոչ մի բան չլիներ: Մեր աշխատակիցները հրահանգված էին ուժ չգործադրել»,-ասաց նա:
Փոխոտիկանապետը դժգոհեց, որ Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու ընթացքում լրագրողները մեծ դժվարությամբ էին պողոտան ազատում, ինչը, ըստ նրա, անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման է ենթարկվել 46 քաղաքացի, որոնք բոլորն արդեն ազատ են արձակվել: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է: