News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սիրիայում բնակվող հայերը սիրիական ժողովրդի մաս են կազմում, որն այսօր շատ ծանր դրության մեջ է գտնվում։ Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում։

Ըստ ԱԳ նախարարի, այս իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է, նախ եւ առաջ, դադարեցնել ռազմական գործողությունները։ «Երկրորդ՝ հարկավոր է երկխոսություն սկսել Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ առանց բացառության։ Երրորդ՝ պետք է հարգել փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների, ներառյալ՝ հայ փոքրամասնության իրավունքները։ Չորրորդ` պետք է համախմբել ուժերը՝ ահաբեկչության եւ ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար։ Ահաբեկչությունը Մերձավոր Արեւելքում՝ ներառյալ այսպես կոչված Իսլամական պետություն, Ալ-Նուսրա եւ այլ խմբերով հանդերձ, իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն փոքրամասնությունների, քրիստոնյաների, այլ ընդհանրապես Մերձավոր Արեւելքի ժողովուրդների համար եւ տարածաշրջանից դուրս: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչության դեմ իրենց պայքարում»,- նշել է նա։

Խոսելով սիրիահայերի գաղթի մասին՝ ԱԳ նախարարը նկատել է. «այսօր մենք Հայաստանում ունենք մոտ 14 հազար սիրիահայ։ Որոշ այլ երկրներում փախստականների թիվը շատ ավելին կարող է լինել, սակայն փոքր Հայաստանի համար սա շատ մեծ թիվ է։

Եվ, իհարկե, մենք փորձում ենք աջակցել նրանց, ովքեր գալիս են Հայաստան։ Սակայն դեռ ունենք մեծ թվով՝ տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ապրում են Սիրիայում, այդ թվում՝ Հալեպում։ Շատ բարդ է կոնկրետ թիվ ասել։ Այդ պատճառով էլ մեր գլխավոր հյուպատոսությունը երբեք չդադարեցրեց իր ծառայությունը Հալեպում եւ այսօր հանդիսանում է այնտեղ գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը: Իհարկե, մենք ունենք նաեւ մեր դեսպանությունը Դամասկոսում:

Այդ երկրում ընթացող իրադարձությունների մասին տեղեկատվությունը մեզ հասնում է ոչ միայն դեսպանությունից եւ գլխավոր հյուպատոսությունից, այլեւ՝ Սիրիայում բնակվող հայերից»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ