News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  նրա փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ Արա Բուդաղյանին հարցաքննել են 4-5 անգամ, բայց այդպես մեղադրանքը խիստ անորոշ է, որեւէ հիմք չկա մեղադրանքի մեջ:  «Անորոշ մեղադրանք է առաջադրել, որից պաշտպանել հնարավոր չէ: Նման անորոշ մեղադրանքով էլ դատարանը կալանավորել է, քանի որ դա դատարան չէ, այլ ԱԱԾ-ի բաժիններից մեկը, որը տեղակայված է Տիգրան Մեծ 23/1 հասցեում՝ դատարանի շենքում: Մեր կարծիքով՝ այս ամենը արվում է, որպեսզի Բուդաղյանների վրա ճնշում գործադրեն, փորձում են այսպես մյուս բողոքների դեմը առնել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ թող հույս չունենան, Բուդաղյանները, ոչ մի անօրինական բան չեն անելու, բայց օրինական ճանապարհից  չեն նահանջելու:

Այժմ Սյունիքի մարզպետի տան մոտ տարիներ առաջ հնչած կրակոցների դեպքով երկու դատական գործ Հայաստանում է ընթանում, մի բողոք էլ ներկայացվել է ՄԻԵԴ: Ընդ որում՝ Հայկ Ալումյանն ասաց, որ չի բացառվում՝ ՄԻԵԴ-ում բողոքների քանակը ավելանա:

Նշենք, որ Արա Բուդաղյանը մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ