News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 7-ին մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը:

Այն ներառում է   օրենսդրության միջազգային փորձաքննությունը երեխայի իրավունքների պաշտպանության եւ արդարադատության մատչելիության տեսանկյունից, անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների պլանի մշակումը,  օրենքի հետ խնդիրներ ունեցող, վկա եւ տուժող երեխաների հետ առնչվող անձնակազմի կարողությունների զարգացումը: 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ եւ նշել, որ այս տարվա հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը,  Արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ սկիզբ է դրել Հայաստանում երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությանն ուղղված մի նոր նախաձեռնության, որն արտացոլում է ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության ուղղությունները  եւ բխում  է  համատեղ  հաստատված  գործողությունների պլանից:

«Ցավոք, որեւէ հասարակություն ի զորու չէ հեռու պահել երեխաներին տարբեր իրավիճակներից.երեխաները կարող են առնչվել քաղաքացիական, վարչական քրեական արդարադատության մարմիններին, լինել տուժող, վկա, մեղադրյալ, դատապարտյալ:  Կարեւոր է, որ  նշված  մարմինները մատչելի լինեն երեխաների համար, առավելագույնս ապահովեն նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը,  հարմար եւ ընկալելի լինեն` զերծ պահելով նրանց հետագա խնդիրներից եւ պիտակավորումից»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖԻ-ին գործընկերության փորձը զարգացնելու համար:

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կունենանք նաեւ էական ձեռքբերումներ օրենսդրական երաշխիքները կյանքի կոչելու առումով, մասնավորապես` միասնական տեղեկատվության համակարգի ստեղծմանն ուղղված գործողությունների պլան, արդարադատության ոլորտում տարբեր մարմինների կարողությունների բարձրացում, երեխաների հետ վարվելակերպի նոր մոտեցումների ամրագրում եւ դրանց կիրառման խթանում:

Նախարարն ընդգծել է այս ոլորտում բոլոր մարմինների համատեղ եւ համագործակցված աշխատանքի կարեւորությունը եւ նշել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստ է բոլոր շահագրգիռ կառույցների, անհատների ջանքերը մեկտեղելու՝ Հայաստանում արդարադատության ոլորտում երեխաների պաշտպանության միասնական եւ գործուն համակարգ զարգացնելու ուղղությամբ:

Հայաստանում ՄԱԿ-¬ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը պատրաստակամության եւ արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ արդարադատության համակարգի հետ առնչվող երեխաները նույնպես ունեն իրենց իրավունքները, որոնք պետք է առավելագույնս պաշտպանված լինեն. հակառակ դեպքում այդ երեխաները կարող են բարոյական եւ հոգեբանական վնասներ կրել: «Վերջին տարիներին Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման առումով: Ներկայում Հայաստանում ազատազրկված երեխաների թիվը փոքր է, ինչն էլ խոսում է այս ոլորտում երկրի դրական առաջընթացի մասին»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-¬ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ընթացքում՝ արդարադատության հետ առնչվող երեխաների հետ աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Հաշվի առնելով տարբեր գերատեսչությունների դերակատարության եւ համագործակցության կարեւորությունը անչափահասների արդարադատության համակարգի կայացման գործում՝ միջոցառման ընթացքում հայտարարվել է անչափահասների արդարադատության հարցերով խորհրդի ստեղծման մասին:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ Խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու շահագրգիռ եւ պատասխանատու մարմինների ներգրավմամբ Հայաստանում անչափահասների արդարադատության ոլորտում այս ծրագրի, ինչպես նաեւ հետագա նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների   համատեղ, միասնական դիտարկմանը, զարգացման ապահովմանն ու 2016-2020 թվականների ընթացքում ոլորտի ամբողջական կայացմանը: 

Խորհրդի կազմում կընդգրկվեն ՀՀ առողջապահության նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ ոստիկանության, քննչական մարմինների, Դատախազության, հասարակական կազմակերպությունների եւ բոլոր այն շահագրգիռ  մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են երեխաների համար արդարադատության իրականացման գործընթացին:

Ծրագրի մեկնարկը հայտարարող միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ