News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պատրաստվում է բազմաթիվ բողոքներ ներկայացնել` իբր Գերման Ստերլիգովի կողմից Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ռուս մեկենաս, բարերար եւ հասարակական գործիչ Գերման Ստերլիգովի փաստաբան, ազգությամբ հայ Արթուր Հայրապետովը:

«Ադրբեջանական իշխանությունները իբր իրենց սահմանի անօրինական հատելու կապակցությամբ քրեական գործ են հարուցել Գերման Ստերլիգովի, ինչպես նաեւ իմ նկատմամբ (ադրբեջանական իշխանությունները Գերման Ստերլիգովի հայազգի փաստաբանին մեղադրում են նրանում, որ դրդել է իր պաշտպանյալին տեղափոխվել հենց Լեռնային Ղարաբաղ-խմբ.): Մեր դիրքորոշումը հետեւյալն է` մեզ միեւնույն է, թե ինչ քայլեր են ձեռնարկում ադրբեջանական  իշխանությունները, քանի որ ինչպես ես, այնպես էլ Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղը համարում ենք պատմականորեն հայկական տարածք, որտեղ մուտք գործելու համար ադրբեջանական իշխանություններից թույլտվություն ստանալու կարիք չկա»,-ընդգծեց Արթուր Հայրապետովը:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ մի քանի ժամ առաջ իրեն զանգահարել էին ադրբեջանցի լրագրողները, որոնք նույնպես հետաքրքրվում էին Գերման Ստերլիգովի հետագա ճակատագրով:

Վերջին շրջանում Գերման Ստեռլիգովի հասցեին բավական հաճախակի սպառնալիքներ էին հնչում, որոնք ստիպեցին գործարարին անորոշ ժամանակով լքել Ռուսաստանի Դաշնությունը: «Կարծում եմ, որ վերջին շրջանում իմ պաշտպանյալի հասցեին հնչած սպառնալիքների հիմնական հասցեատերերը ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն են: Բոլորին է հայտնի, որ Գերման Ստերլիգովը ակտիվ պայքարում էր Ռուսաստանում աբորտների արգելման ուղղությամբ, որը հզոր բիզնես է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ համաշխարհային դեղագործական ընկերությունների համար: Նա նաեւ լուրջ հակասություններ ունի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ, որին շատ կշռադատված եւ փաստարկված մեղադրում է հերետիկոսության մեջ: Ես համոզված եմ, որ Գերման Լվովիչի չկամեցողների համար վերջին կաթիլը հանդիսացավ «Իվան Ահեղից մինչեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին»-ի ժամանակաշրջանի վերաբերյալ սեփական պատմական գրքի հրատարակումը, որը շատերի սրտով չէր»,-հայտնեց Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը:

Նա նշեց, որ այս պահին ինքը չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյոք Գերման Ստերլիգովը ընդմիշտ, թե ժամանակավորապես է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: «Ես հորդորում եմ իմ հայրենակիցներին աջակցել նրան կյանքի այս դժվարին ժամանակահատվածում, որի կարիքը նա շատ է զգում: Ես ամեն օր զրուցում եմ նրա հետ, եւ Գերման Լվովիչը ինձ ասել է, որ դրական է տրամադրված, քանի որ Շուշիի բնակչությունը, իմ տեղեկություններով,  նրան եւ իր ընտանիքին շատ լավ է ընդունել»,-նկատեց Հայրապետովը`նկատելով, որ ռուս գործարարը, անկախ այն հանգամանքից վերադառնալու է Ռուսաստանի Դաշնություն, թե ոչ, ծրագրում է Սլոբոդայի պես բնակավայր ստեղծել (Գերման Ստերլիգովը Մոսկվայի շրջանի Մոժայսկի համայքի բնակավայրերից մեկում հիմնադրել է բնակավայր, որտեղ հրավիրում է ապրել բոլոր ուղղափառ քրիստոնյաներին-խմբ.):

Հուլիսի 6-ին рուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ գործարար, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում՝ «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը Սլոբոդայում վաճառել է ամբողջ գույքն ու Ռուսաստանից փոխադրվել Լեռնային Ղարաբաղ:

Արցախի իշխանությունները հաստատել են ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ