Ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկանին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են Նեյրովիրաբուժության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ 27-ամյա կնոջ՝ Միլենայի, վիճակն համեմատաբար ավելի լավ է: Լավ է նաեւ նրա բալիկի վիճակը, որը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրան խնամում են բժիշկները:
Թե երբ նրանք դուրս կգրվեն, հայտնի չէ, դա կախված է առողջական վիճակից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:
Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել էր զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել էր բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել են, վիճակը օրեր շարունակ ծայրահեղ ծանր է, լույս աշխարհ եկած բալիկի մոտ եւս խնդիրներ կային:




























