News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտրությունների առաջին փուլի արդյունքում, հիմք ընդունելով 101 պատգավորների թիվը, կորոշվի, որ քաղաքական ուժը քանի տեղ է ստանում խորհրդարանում, եւ այդ տեղերի քանակը նրանք կպահպանեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը ամբողջությամբ:

Նոր սահմանադրության նախագծով, եթե քաղաքական ուժերից որեւիցե մեկը չի հաղթահարում կայուն մեծամասնություն ունենալու հնարավորությունը, այն  է՝ 50+1, ապա պետք է անցկացվի երկրորդ փուլ՝ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ: Ինչպե՞ս եք գնահատում այս դրույթը, արդյոք սրանով չի՞ սահմանափակվում քաղաքական ուժերի կոալիցիա կազմելու եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունը:

Չեմ կարծում, որ դրանով սահմանափակվում է Ձեր ասած հնարավորությունը, քանի որ առաջին փուլից հետո կարող են ձեւավորվել կոալիցիաներ, տարբեր քաղաքական ուժեր կարող են միավորվել եւ երկրորդ փուլում այդպես հանդես գալ: Ժողովուրդն էլ, տեսնելով, թե որ քաղաքական ուժին կամ կոալիցիային է ուզում ձայն տալ, նաեւ գիտակցելով, որ դե ֆակտո իշխանությունը հանձնում է այս կամ այն կոալիցիային, կկայացնի իր որոշումը: Ինչ վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք առաջին փուլում հավաքել են քիչ ձայներ, դա ամենեւին էլ չի նշանակի, որ խորհրդարանում նրանց պատգավորների թիվը կպակասի: Այսինքն՝ առաջին փուլի արդյունքում, հիմք ընդունելով 101 պատգավորների թիվը, կորոշվի, որ քաղաքական ուժը քանի տեղ է ստանում խորհրդարանում, եւ այդ տեղերի քանակը նրանք կպահպանեն: Երկրորդ փուլի արդյունքներով կավելացվի այն ուժի կամ կոալիցիայի ստացած տեղերի քանակը, որը հաղթել է՝ կայուն խորհրդարանական մեծամասնություն ունենալու եւ կառավարություն ձեւավորելու համար: Դա է պատճառը, որ ամրագրված է պատգամավորների նվազագույն թիվ:

Բացի այդ, այս դրույթը չի՞ ենթադրում արհեստականորեն մեծացնել ամենից շատ ձայն ստացած ուժի դերը, որը սակայն չի ստացել 50 տոկոսից ավելի: Ասենք շատ ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի ձայները միասին կազմում են 25-30 տոկոս, ստացվում է, որ անտեսվում են մնացած 70 տոկոսի ձայնե՞րը:

Հակառակը՝ սա նշանակում է՝ ժողովուրդն է որոշելու, թե ով ունենա կայուն մեծամասնություն: Այսինքն, երկու առավելագույն  ձայներ ստացած բեւեռները կամ երկրորդ փուլից առաջ ձեւավորված կոալիցիաները ընդունվում են որպես հիմք, իսկ ժողովուրդն էլ որոշում է, թե ում տա իր քվեն, ում հանձնի իշխանությունը:

Նշվում է, որ ընտրությունների ժամանակ կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին եւ ծրագրային դրույթները: Ո՞րն է նման պահանջի հիմնավորումը: Մենք տեսել ենք, որ որպես կանոն ծրագրային դրույթները զուտ քարոզչական նշանակություն են ունեցել: Թե՞ այս դեպքում դրանք նաեւ իրավական փաստաթղթեր են համարվելու:

Դրանք  միշտ էլ կմնան քաղաքական փաստաթղթեր, սակայն իրականում ունեն պարտավորեցնող նշանակություն, եւ կուսակցությունները , որպես ընդհանուր կանոն այդ ծրագրի դրույթները այդուհետ ներկայացնում են որպես իրավական փաստաթղթեր: Այստեղ նորույթը վարչապետի թեկնածուին ներկայացնելն է, ինչը նշանակում է, որ ժողովուրդը անուղղակիորեն ընտրում է նաեւ վարչապետին:

Ինչո՞ւ է սահմանադրության նախագծում ամրագրված, որ վարչապետին անվստահություն հայտնելիս պետք է լինի անվանական քվեարկություն: Արդյոք դա լրացուցիչ կաշկանդող գործոն չէ պատգամավորի համար, որ նա չքվեարկի այնպես, ինչպես կցանկանար, մտավախություն ունենալով հետագա անցանկալի զարգացումներից իշխանության հետ հարաբերություններում:

Տեսեք, յուրաքանչյուր պատգամավոր որպես քաղաքական պատասխանատվություն կրող անձ պետք է առաջնորդվի իր խղճին ու համոզմունքներին համաձայն, իսկ անվանական քվեարկությունը կբարձրացնի այդ պատասխանատվությունը: Սա նշանակում է ունենալ դիրքորոշում, հրապարակավ հայտնել այն եւ հետեւել այդ դիրքորոշմանը: Ասվածը հատկապես վերաբերում է այնպիսի կարեւորագույն հարցի, ինչպիսին վարչապետին անվստահություն հայտնելն է: Այս դրույթը հնարավորություն կտա նաեւ խուսափել այն իրավիճակներից, երբ պատգամավորը հրապարակավ կպնդի այլ բան, իսկ փակ քվեարկության արդյունքները ցույց կտան բոլորվին այլ բան:

Սահմանադրության նախագծում նշվում է, որ երկրի նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որը կազմված է պատգամավորներից եւ ՏԻՄ ներկայացուցիչներից: Սակայն չի նշված, թե ինչպես են ընտրվելու ՏԻՄ-ը ներկայացնող ընտիչները, ինչը կարող է կամայական որոշումների հանգեցնի, որն էլ կարող է լրջորեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Այդպիսի վտանգ չի կարող լինել, քանի որ ՏԻՄ-ն ներկայացնող ընտրիչների ընտրության  հարցը պետք է կարգավորի  Ընտրական օրենսգրքով, որը ուզում եմ հիշեցնել Սահմանադրության նախագծով համարվում է օրգանական օրենք եւ պահանջելու է շատ ավելի լայն կոնսենսուս քան պարզ մեծամասնությունն  է, այսինքն խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը բավարար չի կարող համարվել ընտրական օրենսգրքում ամրագրված որեւէ դրույթ ընդունելու համար. առաջին հերթին հենց ընտրիչների մասով:

Սահմանադրության նախագծի 23-րդ «Կյանքի իրավունքը. Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետում բառացի գրված է «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Արդյոք սրանով անուղղակիորեն չի արդարացնում սպանությունը, քանի որ միշտ իշխանությունն այն կարող է արդարացնել «բացարձակ անհրաժեշտությամբ», ինչպես օրինակ մարտի 1-ի նման դեպքերում:

Ամենեւին ոչ, քանզի ցանկացած սահմանադրական դրույթ պետք է մեկնաբանվի միջազգային համընդհանուր նորմերի ու սկզբունքների , այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիման վրա, որը մանրամասն  կարգավորում է այս  նորմը: Այս դրույթի առումով  կա նախադեպային որոշումների հսկայական քանակ, որոնք ուղղակի բացառում են այդ նորմի սխալ կիրառությունը:

Նոր Սահմանադրությամբ բոլորը շեշտը դնում են նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի լիազորությունների վրա: Իսկ դատական համակարգում ինչ փոփոխություններ են նախատեսվում, որոնք կարող են նպաստել դատական իշխանության անկախությանը: Արդյոք փոփոխվում է նրանց նշանակման կարգը: Օրինակ կան երկրներ, որտեղ դատավորները եւս ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ:

Այո, դատավորների ընտրության կարգը փոխվում է , մեծ  դերակատարություն է վերապահվում Ազգային ժողովին, հատկապես՝ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրում է Ազգային ժողովը՝ երեքին՝ ՀՀ նախագահի , երեքին՝ ՀՀ կառավարության, երեքին ՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկության հիման վրա: Ազգային ժողովը ընտրում է նաեւ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների եւ դատավորների՝ ներկայացված թեկնածուներից մեկին եւ նշանակում վճռաբեկ դատարանի նախագահին՝ դատարանի կազմից 6 տարի ժամկետով առանց վերանշանակման իրավունքի: 

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ դուք եւս արդարադատության նախարարի թեկնածուների շարքում եք: Արդյոք արվե՞լ է նման առաջարկություն եւ եթե արվի, կհամաձայնե՞ք:

Ինձ նման առաջարկություն չի եղել:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
Ամենաշատ