Իրանի հետ կարելի է համագործակցել բոլոր հարցերում՝ առանց բացառության: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, իրանը բազմամիլիոնանոց շուկա է, որը 37 տարի գտնվել է էմբարգոյի ներքո: Այդ երկրի տնտեսությունը լուրջ ներուժ ունի: «Այդ ներուժի որոշակի օգտագործումը մեր երկկողմ համագործակցության մեջ շատ կարեւոր է եւ հեռանկարային Հայաստանի համար»,-հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցնյակի» միջեւ համաձայնագիր է կնքվել, որի համաձայն, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:
Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն: