News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերջերս մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնվել են հայ մեծերի` Ֆրունզիկ Մկրտչյանի, Շառլ Ազնավուրի, Մոնթե Մելքոնյանի, Պարույր Սեւակի, Սոս Սարգսյանի եւ Արամ Խաչատրյանի գրաֆիտի-դիմանկարները: 

Ամեն ինչ սկսվեց, երբ կտավին եւ յուղաներկին վարժված, Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի շրջանավարտ, 21-ամյա Ռոբերտ Նիկողոսյանը որոշեց «դավաճանել» դասական նկարչական պիտույքներին, եւ սփրեյը ձեռքին դուրս եկավ փողոց։

NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Նիկողոսյանը պատմեց, որ հայ հայտնիների դիմանկարների գրաֆիտի շարքն սկսվեց Ֆրունզիկ Մկրտչյանով, որը նկարչի սիրած դերասանն է: Շարքը հետագայում համալրվեց մյուս սիրելիներով եւ քաղաքի արվարձաններից տեղափոխվեց կենտրոն: 

«Սիրում եմ դիմանկարներ անել եւ միշտ Ֆրունզիկին էի ուզում նկարել ու հենց իրենից էլ սկսել եմ: Շատ եմ սիրում այդ դերասանին ու նրանից էլ առաջացել է մնացած բոլոր հայ մեծերի դիմանկար անելու միտքը: Առաջին դիմանկարներն արել եմ Նոր-Նորքի 4-րդ զանգվածում, որտեղ ապրում եմ։ Անում եմ պարզապես սովորելու, զարգանալու եւ ինքնակրթվելու համար: Երբ մեծ արձագանք ստացավ, տեսա` շատերն են հավանում, մտածեցի` կենտրոնում էլ կարելի է անել, ու արեցի»,- ասաց երիտասարդը:

Ռոբերտ Նիկողոսյանն ասում է` իր արվեստը կոչ է ամբողջ հայությանը` վերանայել եւ հիշել մեր մեծերին: Երիտասարդ նկարիչն այս կերպ նաեւ հմտանում է դիմանկարի արվեստում, միաժամանակ` տարածում նոր ուղղությունը Հայաստանում.  «Որպես նկարչական ոճ`սա, կարծում եմ, նորություն է Հայաստանի համար: Այն չի, ինչ որ կտավ-յուղաներկը, կամ մատիտ-թուղթը: Ինքը տարբերվում է եւ հաճելի է նայվում»։

Ռոբերտը պատմեց, որ հայ մեծերի դիմանկարների համար դեռեւս խնդիրներ չի ունեցել ոչ ոստիկանների, ոչ էլ դիմանկարները «հյուրընկալած» շենքերի բնակիչների հետ, թեեւ գրաֆիտին վանդալիզմի դրսեւորում է համարվում:

«Ոստիկանները երբեւէ նկատողություն չեն արել: Միշտ փորձում եմ ճշտել, թե պատն ում է պատկանում: Այն վայրերում, որտեղ պատրաստվում եմ հերթական դիմանկարն անել, փորձում եմ տարածքում բնակվողներից ու սեփականատերերից թույլտվություն ստանալ: Շատերը մեծ սիրով համաձայնում են: Մինչեւ հիմա չի եղել այնպիսի դեպք, որ գան, ասեն` ինչու ես նկարել»,- ասաց նա։

Ռոբերտի կարծիքով`նման վերաբերմունքը պայմանավորված է իր դիմանկարների բովանդակությամբ. մեր մեծերին բոլորն են սիրում, իսկ քաղաքական ենթատեքստով գրաֆիտիներ ինքը երբեք չի անի, իրենը միայն արվեստն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ