News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը վաղը Երեւանի Ազատության հրապարակում կսկսի անժամկետ նստացույց՝ ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողներին ասաց «Իրավունք եւ աջակցություն»  հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:

«Վաղը ժամը 11-ին Ազատության հրապարակում սկսելու ենք նստացույց: Կոչ ենք անում բոլոր նրանց, որոնք պաշտպանում են Վոլոդյային միանալ մեզ: Մենք վերաձեւավորվում ենք, սկսում ենք պայքարի նոր փուլ եւ շարունակելու ենք Վոլոդյա Ավետիսյանի բարձրացրած խնդիրները: Ազատության հրապարակում չենք գիշերելու, ուղղակի այնտեղ ենք հավաքվելու, որպեսզի մշակենք նոր ռազմավարություն եւ ըստ այդ շարունակենք մեր պայքարը»,-ասաց նա:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

 

Տպել
Ամենաշատ