News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օրենքը ստեղծում են մարդու համար, այլ ոչ թե մարդու դեմ, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, այն դարձել է մահակ և կեղեքման միջոց: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին,  լրագրողներին  ասաց «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում գործող արագաչափերի, տեսախցիկների և տուգանքների նպատակահարմարությանը:

 «Մենք ցանկանում ենք ազատվել տեսախցիկներից և արագաչափերից, քանի որ դարձել ենք երթևեկության գերի ու պատանդ: Երբ Ոստիկանությանը հարցնում ենք, թե որքանով են արագաչափերը և տեսախցիկները նպաստել անվտանգ երթևեկությանը, պահանջում ենք հիմնավորել թե վարորդներից այդքան շորթած գումարներն ինչի վրա են ծախսվել, կամ պակասել են արդյոք վթարները, մեզ պատասխան չեն տալիս»,- ասաց Վարդան Հակոբյանը:

 «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում կդիմեն քաղաքացիական անհնազանդության, քանի որ իրենք մտադիր են պայքարել մինչև վերջ:

Նշենք, որ ՃՈ-ից ոչ ոք ասուլիսին չէր մասնակցում՝ չնայած նախապես հրավիրված էին:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր և ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի և վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ: Նախաձեռնությունը պահանջում է նաեւ նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել ամբողջական համաներում, ինչպես նաեւ ապահովել մատչելի երթևեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով:

Տպել
Ամենաշատ