News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում շարունակվում է  «Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության նստացույցը`պահանջով անհապաղ ազատ արձակել խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետին:

Այս պահին Ազատության հրապարակում են մոտ 15 քաղաքացիներ, հիմնականում` Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները, որդին եւ եղբայրները:

Նստացույցի համակարգող Գագիկ Սարուխանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նստացույցը կտեւի, հավանաբար, մինչեւ երեկոյան 9-ը, որը կդառան մյուս օրերին նստացույցի ավարտի ֆիքսված ժամը:

Գագիկ Սարուխանյանի խոսքով` իրենց նստացույցն անժամկետ է, սակայն դա բնավ չի նշանակում, որ այն կդադարեցվի միայն այն ժամանակ, երբ Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվի:

«Մեր նստացույցը նպատակ ունի վերակենդանացնել Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար մղվող պայքարը, որը վերջին ամիսներին ստվերվել էր բողոքի այլ ակցիաներով: Մենք ցանկանում ենք ավելի շատ ազատամարտիկների եւ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այս պայքարին, որ մարդիկ չմտածեն, թե արդեն հոգնել եւ դադարել ենք մեր պայքարը»,-ասաց Սարուխանյանը:

Նստացույցի մասնակիցները վաղը` կեսօրին մոտ, կրկին կգան Ազատության հրապարակ` շարունակելով Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով նստացույցը:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

Տպել
Ամենաշատ