News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 26-ին մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:

Մինչ այդ վարչապետ Աբրահամյանն այցելել է օլիմպիական գյուղ՝ հանդիպել  Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներին:

Հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ եկել է ոգեւորելու ու հաղթանակ մաղթելու հայ մարզիկներին: «Այս հանդիպման համար շատ ուրախ եմ եւ եկել եմ անձամբ ձեզ հաջողություն եւ հաղթանակ մաղթելու: Միաժամանակ, օգտվելով առիթից, ցանկանում եմ իմանալ, թե  ինչ խնդիրներ ունեք, ինչով ես կարող եմ աջակցել ձեզ»,- նշել է վարչապետը:

Հայ մարզիկներն ու մարզիչները նշել են, որ վարչապետի ներկայությունն արդեն իսկ շատ կարեւոր է ու ոգեւորիչ, եւ իրենք ամեն ինչ անելու են հաղթելու, մեդալներ նվաճելու համար:

Վարչապետն ասել է, որ կարեւորում է Հայաստանում սպորտի զարգացումը ու պատրաստ է քննարկել սպորտի զարգացման հետ կապված ցանկացած առաջարկ:

Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր հերթին նշել է, որ վարչապետի ներկայությունն ու քաջալերանքը թիմի համար շատ կարեւոր են եւ հիշեցրել, որ վարչապետի նախաձեռնությամբ 2015թ. պետական բյուջեում մարզադպրոցներին եւ ազգային ֆեդերացիաներին, անկախ գերատեսչական պատկանելությունից, 170 մլն դրամի մարզագույք է հատկացվել, ինչը սպորտի զարգացման համար կարեւոր դերակատարություն ունի: Գաբրիել Ղազարյանը նշել է նաեւ, որ  եվրոպացի շատ մարզիկներ, ովքեր այսօր մեծ հաջողություններ են  գրանցում, ժամանակին մասնակցել են այս փառատոնին:

  Նշենք, որ մարզական փառատոնին մասնակցում է 49 երկրի պատվիրակություն: Փառատոնն անցկացվում է 2 տարին մեկ. այս տարի այն նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Ներկայացված 9 մարզաձեւերից Հայաստանը մասնակցում է 6-ին. 6 մարզիկ մասնակցում է ձյուդոյի մրցաշարի, 3-ը՝ մարմնամարզության, 3-ը՝ ատլետիկայի, 3-ը՝ լողի, 4-ը՝ թենիսի, 3-ը՝ հեծանվային սպորտի: Ընդհանուր առմամբ Հայաստանը ներկայացնում է 22 մարզիկ:

Նույն օրը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի անունից Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ