News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամները արդեն 3-րդ օրն է՝ Ազատության հրապարակում նստացույց են անում`պահանջով անհապաղ ազատ արձակել խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետին:

«Այս ընթացքում մոտ 60 ազատամարտիկ են մասնակցել նստացույցին, վերահաստատել իրենց մասնակցությունը։ Նույնիսկ ժամանակին պասիվ ազատամարտիկները, որոնց հասարակական եւ քաղաքական շարժումները հետաքրքիր չեն եղել, այսօր ակտիվացել են։ Գալիս, գնում են, հետաքրքրվում են պայքարի հետագա ռազմավարությամբ, մեր նպատակը հենց դա է»,- ասաց նախաձեռնության համակարգող Գագիկ Սարուխանյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Սարուխանյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի համար մղվող պայքարում որակական փոփոխություն է նկատել այս օրերի ընթացքում։

«Նախկինում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբով երբ հավաքվում էինք, մեկն ասում էր` երթ անենք, մեկը` դիմում գրենք, բայց  այսօր որaկի փոփոփոխություն եմ նկատում։ Ազատամարտիկների գրեթե 100 տոկոսը ասում է՝ մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց նա։

Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի նպատակը, ըստ նրա, ոչ միայն Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելն է, այլեւ ազատամարտիկներով միավորվելը, ինչը իրենց հաջողվում է։

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ անհրաժեշտություն չկա գիշերել հրապարակում։

Նստացույցի անդամները ամեն օր մինչեւ նախաձեռնության կողմից  նստացույցը դադարեցնելու որոշում կայացնելը, կեսօրին կլինեն Ազատության հրապարակում, իսկ երեկոյան 9-ին կհեռանան։

Ազատության հրապարակում այս պահին նստացույց են անում 4 ազատամարտիկներ, Գագիկ Սարուխանյանը եւ Վոլոդյա Ավետիսյանի որդին։

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

Տպել
Ամենաշատ