News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւան Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 27-ին, ավարտվել է մոտ երկու ժամ տեւած՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը, դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, ինքը Տիգրան Խաչատրյանի անմեղությունն ապացուցող բավարար ապացույցներ է ներկայացրել:

«Մեր առարկությունները բավարար էին, հիմնավոր էին ու հիմնված չէին ենթադրության վրա: Եթե դատարանը գտնվի իր բարձրության վրա, պիտի այս միջնորդությունը մերժվի»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Փաստաբանը նշեց, որ գործով միակ վկան, որի ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Տիգրան Խաչատրյանին, ժամկետային զինվորական ծառայությունից հոգեկան հիվանդության պատճառով է ազատվել, ինչի վերաբերյալ ինքը փաստաթղթեր ունի:

Փաստաբանը վստահեցրել է, որ Տիգրան Խաչատրյանի մասին սխալ կարծիք է ձեւավորվել` հիմնվելով միայն այն փաստի վրա, որ նա Սյունիքի մարզպետի որդին է։

«Իմ պաշտպանյալը Գորիսի երկրապահների միության նախագահն է: Այսօր ամեն ինչ կատարվում է նրա համար, որ նրա հայրը Սյունիք մարզպետն է: Եթե հնարավորություն ունենաք Տիգրան Խաչատրյանի հետ զրուցել 10 րոպե, կփոխեք ձեր կարծիքը նրա մասին։ Տիգրան Խաչատրյանը ընտրվեց որպես թիրախ, հասարակության մեջ մի շերտ կա, որ պիտի այդ բավարարումը ստանար»,– ասել է նա:

Փաստաբանը շարունակել է պնդել, որ իր պաշտպանյալը վեճի ժամանակ որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, այլ «բաժանել է» վիճաբանողներին։ Հարցին, թե այդ դեպքում ով է վնասվածք հասցնողը` փաստաբանը պատասխանել է. «Եթե մի քիչ էլ խղճներին դեմ չգնան, կպատասխանեն»:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանում այս պահին քննվում է Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանք ընտրելու քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ