News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Վարդավառը հուլիսի վերջին նշելու՝ Տավուշի մարզում հաստատված սովորությունը բխում է հեթանոսական ժամանակներից:

Ըստ ազգագրագետի, հեթանոսական ժամանակներում այդ տոնը ընդունված է եղել նշել սարերում, ջրերի ակունքների մոտ եւ այն կապված է եղել բերքահավաքի սեզոնի մեկնարկի հետ:

Ենթադրվում է, որ այս տոնի անբաժանելի մաս է եղել նաեւ կենդանիների զոհաբերությունը: Հետաքրքիրն այն է, որ մինչեւ օրս էլ այն տավուշցիները, ովքեր հնարավորություն ունեն Վարդավառը նշում են սարերում, աղբյուրների մոտ եւ սովորաբար գառ են մորթում տոնի առիթով: Փաստորեն տոնը նշելու ժամկետների եւ բովանդակության ավանդույթը Տավուշի մարզում կենդանի է հազարավոր տարիներ:

Վերջին 1700 տարվա ընթացքում Հայ-առաքելական եկեղեցին, փաստորեն, բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է Վարդավառը իր տոնացույցին եւ բովանդակությանը համապատասխանեցնելու համար: Շատ տեղերում եկեղեցին հաջողության է հասել, բայց Տավուշի մարզում, ըստ էության, չի հաջողել: Ավանդույթը չեն փոխել ոչ օտար տիրապետությունները, ո՛չ խորհրդային կարգերը, ո՛չ անկախությունն ու Հայ-առաքելական եկեղեցու ակտիվ քարոզչությունը: Իջեւան-Դիլիջանում տոնը նշում են մոտավորապես այնպես, ինչպես նշել են հազարամյակներ առաջ:

Այս ամենից, որքան էլ տարօրինակ թվա, հարկավոր է նաեւ քաղաքական եւ քաղաքագիտական եզրակացություն անել: Այդ եզրակացության մեջ ոչ մի սենսացիոն բան չկա, բայց շատ կարեւոր է արձանագրել, որ հանրային կյանքի կազմակերպման որեւէ ոլորտում չի կարելի անտեսել ավանդույթի ուժը, չի կարելի հաշվի չնստել ավանդույթի հետ: Հազարավոր տարիների ընթացքում տեղի են ունեցել պատմական իրադարձություններ, կոտորածներ, պետությունների փլուզումներ եւ նոր պետություններ են ձեւավորվել, բայց աշխարհի այս փոքրիկ անկյունը՝ Տավուշ անունով, պահպանել է Վարդավառի իր ավանդույթը:

Ընդ որում հիմա էլ Հայ առաքելական եկեղեցին համարում է, որ դա վատ ավանդույթ է, բայց դրա հետ որեւէ բան անել չի կարող: Համենայնդեպս մինչեւ այժմ չի կարողացել: Եվ այս փոքրիկ օրինակը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել վարչական որոշմամբ, հրամանագրերով ու կոնդակներով, նույնիսկ օրենքներով, եւ ընդհանրապես որեւէ հարց լուծելուց առաջ պետք է լրջորեն հետազոտել դրա արմատները, ավանդույթի խորությունն ու ուժը եւ դրանից հետո միայն զբաղվել այդ հարցերը լուծելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ