News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որեւէ թերացում:

«Երեւան Ջուր» ընկերությանը, մասնավորապես, հանձնարարվել է խստագույնս հետեւել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որեւէ շեղում: Հանձնարարվել է նաեւ ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում եւ պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը:

«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին հանձնարարվել է մեկ անգամ եւս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը: Կանաչապատման ձեռնարկություններին եւ համապատասխան մյուս ծառայություններին հանձնարարվել է կանաչ տարածքներում ապահովել խոտհնձի եւ չոր խոտի հեռացման աշխատանքները, ինչպես նաեւ խստագույնս հետեւել ոռոգման համակարգի անխափան աշխատանքին՝ ապահովելով կանաչ եւ ծաղկապատ տարածքների ամենօրյա ոռոգումը: Մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ դեռեւս բացակայում է ոռոգման ցանցը, հանձնարարվել է ավելի մեծ պարբերականությամբ կազմակերպել ջրցան մեքենաներով ոռոգման աշխատանքները:

Աղբահանության եւ սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից եւ փողոցներում տեղադրված աղբարկղերից աղբի ժամանակին տեղափոխումը՝ բացառելով կենցաղային աղբի կուտակումը:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա օրերին հատուկ աշխատանքային ժամանակացույցով կաշխատեն նաեւ ՀՀ ՏԿԱԻ նախարարության Երեւանի փրկարարական ծառայության, շտապբուժօգնության եւ բնակչության սպասարկման մյուս ծառայությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ