Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը շարունակում է քաղաքացիական անհնազադության ակցիաներով արտահայտել իր բողոքը ընդդեմ էլէեկտրաէներգիան թանկացնելու որոշման։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում , որ ոստիկանությունը արդեն 2–րդ օրը նախաձեռնության անդամներին թույլ չի տալիս իրականացնել իրենց նախապես հայտարարած ծրագիրը եւ նստացույց անցկացնել հրապարակի կենտրոնում` գորգին։ Այնուամենայնիվ, շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանին այօսր` հուլիս 28–ին, երկու անգամ, հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը եւ հայտնվել հրապարակի գորգի վրա: Ոստիկանները նրան արագ հեռացրին։
Նշենք, որ Դավիթ Սանասարյանի եւ ոստիկանների միջեւ լարվածություն է առաջացել։
Դավիթ Սանասարյանի խոսքով`ինքը ոստիկաններից մեկն իրեն «կլոուն» է անվանել, ինչին ի պատասխան ակտիվիստը բղավեց. «Կլոունը դուք եք եւ ձեր վերադասները»։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Դավիթ Սանասարյանին հորդորեց «ադեկվատ» պահել իրեն:
«Դավիթ Սանասարյան, դուք Ձեզ ադեկվատ չեք պահում եւ այդ քայլով ուզում եք Ձեր վրա հրավիրել ոստիկանության ուշադրությունը: Անպայման ուզում եք բաժնու՞մ հայտնվել»,- ասաց Օսիպյանը:
Նշենք, որ այս պահին այս պահին Հանրապետության հրապարակում մոտ 100 ոստիկան կա, որոնք պատ են կազմել գորգի երկայնքով:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները ի նշան քաղաքացիական անհնազանդության` անընդհատ հետուառաջ են անում Վազգեն Սարգսյան-Նալբանդյան փողոցների անցումով, ինչի արդյունքում փողոցում խցանում է առաջացել:
Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ակտիվիստները գիշերել են Հանրապետության հրապարակում։ Գիշերը խաղաղ է անցել։
Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։
Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։