News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանն ինքն է իր մարտական ընկերներին հորդորել նստացույց անել եւ շարունակել իր սկսած պայքարը: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը` նշելով, որ թեեւ չի հավատում, որ նստացույցը որեւէ արդյունք կտա եւ ամուսնուն ազատ կարձակեն, սակայն դեմ էլ չի, որ պայքարը շարունակվի նման կերպ:

«Վոլոդյան կալանավայրից հեռախոսազրույց է ունեցել նստացույցի կազմակերպիչների հետ, հորդորել է, որ անպայման շարունակեն իր սկսած պայքարը ոչ միայն ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման, այլ նաեւ իր ազատ արձակման համար: Այս նստացույցով ազատամարտիկները նաեւ ցույց են տալիս, որ չեն մոռացել Վոլոդյային եւ նրա սկսած շարժումը»,-ասաց նա:

Նշենք, որ Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրն է` անժամկետ նստացույց է ընթանում պահեստազորի գնդապետին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ