Wildlife ACT կազմակերպության կամավորները, որոնք Աֆրիկայում անհետացող կենդանատեսակների դիտարկում են անցկացնում, վայրի բնության հազվագյուտ կադրեր են ներկայացրել: Հարավաֆրիկյան Hluhluwe-iMfolozi պարկում նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես է կատվի նման բծավոր կենդանին փորձում «հեծնել» սեւ ռնգեղջյուրին:
Կենդանաբանները նշում են, որ այսպիսի պահվածքը հատուկ չէ մշկակատվին, սակայն Ջեքսոն անունով հենց այս կենդանուն նախկինում նույնպես նկատել են խոշոր կենդանիներին հեծած զբոսնելիս:
Վայրի բնության աֆրիկյան հիմնադրամի փոխնախագահ, կենսաբան Քրեյգ Շոլիի կարծիքով, մշկակատուն ռնգեղջյուրի վրա բարձրացել է ոչ թե զբոսնելու, այլ սնունդ գտնելու նպատակով:
Ըստ The Huffington Post-ի, աֆրիկյան անտառների բնակիչների խորհրդավոր կյանքը միայն հիմա է սկսում հայտնի դառնալ՝ տեղադրված ֆոտոծուղակների եւ տեսախցիկների շնորհիվ: «Տարիներ շարունակ մենք չէինք էլ կարող ենթադրել, թե ինչ է կատարվում այդ անտառներում»,- կենդանու պահվածքն է մեկնաբանում հոլովակի հեղինակը: