News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելը պետության խնդիրն է: Transparency International Armenia-ի կազմակերպած կոռուպցիայի դեմ կլոր սեղանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ-ից գործարար Դեւիդ Բեքեթը: Հավաքին մասնակցում էր նաեւ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Գործարարը նաեւ նշեց, որ Հայաստանում բիզնեսը սկսելը դյուրին է, սակայն հետագայում կարող են դժվարություններ առաջանալ: Շուրջ մեկ տարի առաջ Բեքեթը գործընկերոջ հետ Green Bean սրճարանն է բացել, որը ներկայանում է էկոլոգիապես մաքուր մթերքի ընտրությամբ եւ սպասարկմամբ: Նույնպիսի մաքրության ընկերությունը ձգտում է հասնել նաեւ բիզնեսում:

Մի քանի ամիս առաջ Երեւանում տեղակայված նոր ցանցի երկու սրճարաններից մեկին տուգանել են՝ սենյակների դասավորությունը սանիտարական նորմերին դեմ նախագծելու համար: «Զգուշացնելու փոխարեն, նրանք ցանկանում են միանգամից հարված հասցնել: Տուգանքները պետք է կախված լինեն ընկերության չափերից, քանի որ դրանք բավականաչափ մեծ են՝ փոքր, սկսնակ բիզնեսը խեղդելու համար»,- նշեց գործարարը:

Ավելին, հարկային տեսուչը նաեւ ակնարկել է, որ հարցը կարելի է խաղաղ լուծել, ավելի փոքր գումարով: «Մենք ասացինք՝ չենք հասկանում, թե ինչ է դա նշանակում: Կվճարենք տուգանքը»,- հայտարարեց Բեքեթը:

Նրա խոսքով, մաքսային ծառայության հետ աշխատանքը նույնպես զերծ չէ թերություններից: Մաքսավորները հրաժարվում են հաշիվ-ապրանքագրով մաքսազերծել ապրանքը: Վերահսկիչ գները, որոնցով նրանք հաշվարկում են հարկը, այնքան էլ համարժեք չեն շուկային, քանի որ ոչ միշտ են ժամանակին թարմացվում:

«Բացի այդ, շաքարավազի շուրջ 20%-ը, որը մենք ներկրում ենք, մաքսատանն անհետանում է: Մաքսավորներն ասում են՝ դա հեղուկի պատճառով է, որը գոլորշիանում է նրանից: Բայց մենք մերն ապացուցել չենք կարող»,- հավելեց նա:

Եվ վերջապես, պետական մարմինները մինչեւ հիմա բազմաթիվ թղթային փաստաթղթեր են պահանջում: «Մենք 21-րդ դարում ենք, համակարգիչ ունենք: Սակայն ստիպված ենք ստորագրել եւ կնքել յուրաքանչյուր կտրոն, իսկ դրանք հազարավոր են: Հետո էլ այդ ամենը վերստուգել»,- նշեց Բեքեթը:

Իհարկե, ձեռներեցներն իրենք պետք է սովորեն օրենքներն ու տեխնիկական կանոնակարգերը: Սակայն, գործարարի համոզմամբ, կոռուպցիան պետք է արմատախիլ անի պետությունը, այլ ոչ թե բիզնեսը: «Հարկավոր է ուղղել ոչ թե մարդկանց, այլ համակարգը»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ