ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկող «Ոտքի՛, Հայաստան» շարժման մասնակիցներին խորհուրդ է տալիս Հանրապետության հրապարակում նստացույց չանել եւ տուն գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, որն այսօր՝ հուլիսի 29-ին, շարժման հայտարարած նստացույց-ակցիայի ժամանակ ընկերոջ հետ նստած էր «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում:
Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէր, թե իրենից մի քանի մետր այն կողմ ինչ է կատարվում:
«Չպրծա՞վ հլը էդ էլեկտրաէներգիայի սակագնի բողոքը: Խորհուրդ կտամ գնան իրանց տներ»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Ալեքսանյանը, որին զարմացրեց, որ մի խումբ քաղաքացիներ դեռեւս շարունակում են բողոքել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Նշենք, որ շարժումը հայտարարել էր, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։
Հիշեցնենք նաեւ, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։