News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ հուլիսի 30-ին, Կառավարության շենքի դիմաց նստացույց կանեն, եթե իրենց աշխատավարձերն օրվա ընթացքում չփոխանցեն: Այս մասին NEWS.am-ի հե զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Տիգրան Մինասյանը:

«Մեզ խոստացել էին, որ մինչեւ ամսվա վերջ բոլոր աշխատակիցների ամբողջ աշխատավարձերը կփոխանցեն, բայց այսօր արդեն հուլիսի 30-ն է եւ ընդամենը փոխանցել են 700 հոգու աշխատավարձ»,-ասաց նա ՝ հավելելով, որ այսօր փոխանցելու են եւս 300 հոգու աշխատավարձ:

«Նաիրիտի» նախկին աշխատակցի խոսքով՝ դեռեւս 1200 աշխատակցի աշխատավարձ էլ պետք է փոխանցեն:

Գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն էլ նշեց, որ իրենց հասմբերության բաժակն արդեն լցվել է եւ իրենք այլեւս չեն պատրաստվում սպասել: Նրա խոսքով՝ Կառավարությունն աշխատակիցների աշխատավարձերը մաս-մաս վճարելով փորձում է մասնատել իրենց:

«Ես խոստանում եմ, որ աշխատավարձ ստացած նաիրիտցիներն էլ կգան եւ կկանգնեն մեր կողքին, մինչեւ որ մենք էլ ստանանք մեր աշխատավարձերը: Կարող եմ ենթադրել, որ Կառավարությունը գումար չունի, որպեսզի փոխանցի մեր բոլորիս աշխատավարձերը: Եթե մինչեւ այսօր ընդամենը 700 հոգու աշխատավարձ են փոխանցել, ինչպես հավատանք, որ 1200 հոգու աշխատավարձը մեկ օրվա ընթացքում կփոխանցեն»,-ասաց Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջարկելու է նաիրիտցիներին 200 դրամանոցներ շպրտել Կառավարության շենքի վրա՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը:

Նշենք, որ մի քանի տասնյակ նաիրիտցիներ Կառավարության մոտ վանկարկում են «Ամոթ», «Ստախոս»:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5,3 մլրդ դրամ: Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:

Ձեռնարկության աշխատակիցների խոսքով, իրենց խոստացել են վճարել աշխատավարձը միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձգձգումների պատճառով առաջացած տուգանքներից: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին:

Տպել
Ամենաշատ