News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված մայրական մահացությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, սակայն միայն մեկ դեպքում է բժշկին մեղադրանք առաջադրվել:

Թեեւ մահացած ծննդկանների եւ հղիների հարազատները կատարված ողբերգության մեջ մեղադրում են բժիշկներին, վերջին մեկ տարվա եւ ոչ մի դեպքով դեռեւս ոչ մի բժիշկ պատասխանատվության չի ենթարկվել:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2015թ. առաջին յոթ ամիսներին գրանցվել է մայրական մահացության 4 դեպք:

Վերջինը հուլիսի 29-ին էր. «Շենգավիթ» ԲԿ-ից հուլիսի 27-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 26-ամյա Մերի Մարգարյանը, որին կեսարյան հատում էին արել եւ երկու օր անց մահացել էր: Հաջորդ օրը մահացել նաեւ նորածինը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն:

Մայրական մահացությունների դեպքում իրավապահ մարմինների որդեգրած քաղաքականությունն է այսպիսին. հարուցել քրեական գործ, նշանակել տարաբնույթ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվում են ամիսներ անց միայն: Իսկ այս ամիսների ընթացքում մահացածների հարազատները շարունակում են բարձրաձայնել խնդրի մասին, իսկ բժիշկները՝ աշխատել նույն բժշկական կենտրոնում:

Գյումրու «Մոր ու մանկան» կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. մայիսի 28-ին 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացել են 38-ամյա ծննդկան Կարինե Պապանյանն ու երեխան: Ավելի քան մեկ տարի է անցել, սակայն գործով դեռեւս մեղադրյալ չկա: Միայն Պապանյանի ամուսնու պնդմամբ՝ նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն, որի պատասխանը դեռ չկա:

Այս դեպքից ընդամենը երկու ամիս անց Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 28-ամյա հղի կին, որն այնտեղ էր տեղափոխվել  «Արմավիր» բժշկական կենտրոնից: Այս անգամ էլ միայն հարազատների ճնշման եւ հետեւողականության շնորհիվ այս տարվա գարնանը հղի կնոջը «Արմավիր» ԲԿ-ում բուժօգնություն ցուցաբերած բժշկուհուն՝ Հասմիկ Հակոբյանին,  մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործն արդեն դատարանում է: Մահացած հղիի հարազատները հույս ունեն, որ մեղավորն իր արժանի պատիժը կրելու է:

Հոկտեմբերին Հանրապետությունում գրանցվել է մայրական մահացության երկու դեպք: Երեւանի ««Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիայի բաժանմունքում հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան 26-ամյա կին է մահացել, որը ծննդաբերել էր դեպքից 20 օր առաջ: Իր ոտքով դուրս գրված կինը օրեր անց նորից է դիմել հիվանդանոց այս անգամ բարձր ջերմությամբ: Մի քանի օր բուժում ստանալուց հետո հոկտեմբերի 9-ին կինը մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեռեւս ոչ մի կասկածյալ կամ մեղադրյալ չկա:

Հոկտեմբերի 25-ին Սիսիանի բժշկական կենտրոնում մահացել է 28-ամյա Անի Դավթյանը: Դեպքի առթիվ նորից քրեական գործ է հարուցվել, սակայն առ այսօր փորձաքննությունների պատասխանները չեն ստացվել:

Մայրական մահացության վերոհիշյալ դեպքերը, հարազատների խոսքով, մեծ մասամբ հետեւանք են բժիշկների անտարբերության եւ իրավապահ մարմինների կողմից անպատժելիության: Եթե թեկուզ մի բժիշկ պատասխանատվություն կրի իր կատարածի համար, այսօր Հանրապետությունում մայրական մահացության դեպքերն ավելի նվազ կլինեն, թեեւ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում զգալիերոն նվազել է  երեխաների եւ ծննդկանների մահացությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ