Ադրբեջանը դե յուրե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԼՂՀ տեղափոխված ռուս գործարար Գերման Ստերլիգովը։
«Ադրբեջանը դե յուրե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Տասնյակ տարիներ Լեռնային Ղարաբաղը չճանաչելուց հետո ադրբեջանական ղեկավարության համար հեշտ չէր հայտարարել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք չի հանդիսանում։ Բայց ամեն դեպքում Իլհամ Ալիեւը գնաց այդ համարձակ քայլին, ինչը վաղ թե ուշ անխուսափելի կլիներ։
Դրա համար ընտրվել էր հնարավորինս մեղմ, բայց միեւնույն ժամանակ իրավաբանորեն մաքուր հրապարակային հրաժարվելու ձեւ։
Ադրբեջանի օրենսդրությամբ Ադրբեջանի տարածքում հանցագործություն գործած անձանց նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում կարելի է հայտարարել միայն այն դեպքում, երբ «հանցագործը» գտնվում է Ադրբեջանի տարածքից դուրս։
Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական հայտարարություն էին տարածել, որ Գերման Ստերլիգովը գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ միաժամանակ իմ նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով եւ փաստաթղթերը Ինտորպոլին հանձնելով։ Այս մասին հայտնում էին բոլոր խոշոր ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսպիսով՝ Ադրբեջանը հրապարակավ միջպետական մակարդակով ընդունեց, որ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ։
Իհարկե Ղարաբաղի անկախությունը նման կերպ ճանաչելը պայմանավորված է միջազգային հանգամանքներով։ Դա արվել է զուսպ եւ աննկատ, որպեսզի այդ իմաստուն քայլին անպատրաստ ադրբեջանական հանրության առջեւ պահպանի իր դեմքը։
Ողջունում եմ Ադրբեջանի ղեկավարությանը եւ խորապես բավարարված եմ, որ իմ համեստ անձը դարձավ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման իրավաբանական առիթը։
Գերման Ստերլիգով՝ ռուս գյուղացի հայկական Շուշի քաղաքից»։