Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկել պահանջող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության տասնյակ անդամներ այս պահին իրազեկման երթ են անցկացնում Երեւանի Կենտրոնում` քաղաքացիներին հորդորելով միանալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրենց պայքարին:
Երթի մասնակիցներն Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Թումանյան փողոց, այնուհետեւ կվերադառնան Հանրապետության հրապարակ: Երթի մասնակիցները բարձրախոսով քաղաքացիներին տեղեկացնում են իրենց պայքարի մասին:
Նրանք վանկարկում են «Միացեք», «Ո՛չ, էլեկտրաէներգիայի թանկացմանը», «Մենք ենք տերը մեր երկրի»:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցներին ուղեկցում են մոտ 3 տասնյակ ոստիկաններ:
Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հայտարարած 72 ժամը այսօր լրանում է, սակայն ակտիվիստները շարունակում են մնալ Հանրապետության հրապարակում, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին եւ նստացույց չեն արել հրապարակի կենտրոնում` «գորգին»։ Նրանք արդեն երեք գիշեր անցկացրել են Հանրապետության հրապարակում, նրանց շարունակում են հսկել մեծ թվով ոստիկաններ: «Ոտքի՛, Հայաստան» շարժումը պահանջում է չեղարկել էլեկտաէներգիան թանկացնելու ՀԾԿՀ որոշումը։