Գեղարքունիքի մարզում ԵԿՄ ամառային ճամբարից հուլիսի 30-ին թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 20 երեխաներից միայն մեկն է հոսպիտալացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
«Բարեբախտաբար, ոչ մի լուրջ բան չկար, բոլոր երեխաներն առաջին բուժօգնություն են ստացել եւ տուն գնացել: Միայն մի երեխայի ենք հոսպիտալացրել, որի վիճակը միջին ծանրության է: Առաջիկա ժամերին նա էլ դուրս կգրվի»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ դեռեւս հայտնի չէ թունավորման պատճառը:
Նշենք, որ երեխաները հիվանդանոց էին տեղափոխվել մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից, որը պատկանում է Երկրապահ կամավորականների միությանը: