News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար օպտիմալ անտառածածկը 20.1 տոկոսն է  կլիմայի փոփոխության տեսանկյունից: Այս մասին ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում  տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում եւ ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

«Որպեսզի ապահովվի այդ 20.1 տոկոսը, լրացուցիչ պետք է տնկվի շուրջ 270 հազար հեկտար անտառ, օպտիմալը կլինի մոտ 600 հազար հեկտար: Իսկ որտե՞ղ է այդ անտառածածկը ստեղծվելու: Դա առաջին հերթին գետերի ջրհավաք ավազաներն են, որտեղ պետք է անտառապատվածությունը հասցվի 25 տոկոսի, բնակավայրերի կանաչապատ տարածքները (խոսքը վերաբերում է բնակավայրերի բոլոր կատեգորիաների կանաչ տարածքներին), որտեղ նորման պետք է հասցվի 50 քառակուսի մետր մեկ շնչին, քաղաքամերձ տարածքները, որտեղ քաղաքի բնակչության 10 տոկոսի մշտական հաճախության դեպքում մեկ շնչին անհրաժեշտ կլինի շուրջ 300 քառակուսի մետր կանաչ տարածք, դաշտապաշտպան եւ հողապաշտպան անտառաշերտերը:  Վերջին դեպքում մենք պետք է ելնենք այն հաշվարկից, որ 1 հեկտար անտառտնկարկը բարելավում է 10-15 հեկտար գյուղատնտեսական հողահանդակ»,- իր խոսքում մասնավորապես ասաց Հովիկ Սայադյանը` համեմատության համար ներակայացնելով մի քանի երկրների օպտիմալ անտառածածկի մակերեսը:

«Բելառուսի համար օպտիմալ անտառածածկի մակերեսը հաշվարկվել է 35 տոկոս, որը այդ գոտու համար նորմալ է: Վրաստանում նույնպես 35 տոկոս է, Ղազախստանը 2.7 միլիոն կմ քառակուսի մակերես ունի, անտառապատ է 4 տոկոսը: Ելնելով, որ Ղազախստանը ունի մեծ չափեր եւ ընդարձակ տարածքներ ընդգրկված են անապատացման պրոցեսում, որպես օպտիմալ անտառածածկ նրա համար համարվում է 8 տոկոսը: Մեր հարեւան Ադրբեջանում անտառածածկը 12 տոկոս է, որը, իհարկե, հեռու է օպտիմալ լինելուց»,- ասաց Հովիկ Սայադյանը:

Ներկայացնելով Հայաստանի անտառների վիճակը` Հովիկ Սայադյանը նշեց, որ  Հայաստանի անտառային տարածքներն ունեն ֆրագեմենտացիայի բարձր աստիճան: Վերջին երկու տասնամյակների ընթացքում անտառածածկի ներքին կղզյակների եւ դեպի անտառահատվածի խորքը գնացող միջանցքների եւ բացատների քանակը աճել է, ինչպես նաեւ մեծացել է  անտառածածկի եզրերի պատառոտվածությունը:

Խոսելով անտառի տնտեսական արժեքի մասին` բանախոսնն ասաց. «Հայաստանի անտառներն ուղղակի անտառօգտագործման շնորհիվ տալիս են անտառի ընդհանուր տնտեսական արժեքի 20-40 տոկոսը: Ոչ բնափայտայինից, օրինակ, 1985-1989 թթ. տվյալներով «Հայանտառ»-ն ապահովում էր իր եկամուտի 20 տոկոսը եւ մշտական աշխատակազմի 26 տոկոսի աշխատանքը: Լանդշաֆտը եւ տուրիզմը նույնպես մտնում է ոչ բնափայտային անտառային ապրանքների մեջ: … 1 հեկտար անտառը ընդհանուր առմամբ տալիս է 969 դոլլարի տնտեսական արժեք, որի մեջ կա նաեւ կլիմայի կարգավորիչ դերը: 1 տոննա ածխածնի կլանման դեպքում 20 եվրո է տնտեսական արժեքը»:

Տպել
Ամենաշատ