News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երեւանի հավաքական թիմի գլխավոր մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաքական թիմին մաղթել է արդար մրցակցություն եւ մարզական հաջողություններ:

«Համահայկական խաղերի առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր թիմերն էլ հայկական են ու մրցակցությունն էլ, որքան էլ որ մրցակցություն, այնուամենայնիվ նախ բարեկամական է: Ու մեծ հաշվով բոլորիս ակնկալիքն այն է, որ ունենանք մարզական մեծ տոն, ինչը, համոզված եմ, այդպես էլ կլինի: Որպես տանտեր, անշուշտ, պետք է պատշաճ հյուրընկալենք մայրաքաղաք այցելած մեր բոլոր հյուրերին, բայց եւ պետք է անենք հնարավորը, որպեսզի Երեւանի թիմը, ինչպես միշտ, ապահովի փայլուն մասնակցություն, նվաճի հաղթանակներ ու հերթական անգամ բարձր պահի Երեւանի մարզական պատիվը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետին ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ Երեւանի մարզական պատվիրակությունը կազմված է շուրջ 500 մասնակիցներից եւ միակն է, որ մասնակցության հայտ է ներկայացրել խաղերի բոլոր 17 մարզաձեւերի կանանց ու տղամարդկանց 31 մրցաշարերին: Նաեւ նշվել է, որ մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար քաղաքապետարանն ապահովել է մարզվելու եւ հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ինչի համար Երեւանի հավաքական թիմի մարզիչներն իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին: Նրանք նաեւ հատկանշել են, որ հատկապես վերջին տարիներին ոլորտի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը խիստ ոգեւորիչ է եւ լրացուցիչ ուժ է տալիս՝ ապահովելու նորանոր հաղթանակներ:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ եւս վստահեցրել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, եւ Երեւանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ