News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով նստացույցը Ազատության հրապարակում հնարավոր է՝ շուտով դադարեցվի, քանի որ ազատամարտիկները կարծում են, որ այն հասել է իր նպատակին: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը՝ մեկ շաբաթվա ընթացքում նստացույցը ապագա ռազմավարության վերաբերյալ որոշման գալու հնարավորություն տվեց:

«Մեզ հաջողվել է ստեղծել մի հարթակ, որտեղ ազատամարտիկները հանդիպում են, քննարկում են, թե ինչ կարելի է անել այս երկրի համար: Այս քննարկումների արդյունքում մի հիմք է ստեղծվել, որի վրա կձեւավորվեն մեր հետագա գործողությունները»,- ասաց Գագիկ Սարուխանյանը ՝ նշելով, որ եթե նախկինում ազատամարտիկների տարբեր խմբերի միջեւ առանձին քննարկումներ էին լինում, ապա նստացույցի օրերին այդ խմբերը հնարավորություն ունեցան Ազատության հրապարակում հանդիպել եւ  քննարկել իրենց բարձրացրած խնդիրները մյուսների հետ:

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ հուլիսի 25–ին սկսված նստացույցը ազատամարտիկների շրջանում դրական փոփոխություն մտցրեց. «Նախկինում մեկը մի առաջարկ էր ներկայացնում, մյուսը՝ մի ուրիշ, դժվար էր լինում որոշում կայացնելը: Հիմա այդպես չի. ով գալիս է՝ ասում է ես ամեն ինչի պատրաստ եմ»:

Նշենք, որ նստացույցի օրերին ազատամարտիկները չեն գիշերել Ազատության հրապարակում. հավաքվել են, քննարկումներ անցկացրել եւ գնացել տուն:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

Տպել
Ամենաշատ