«Հայաստանի էլցանցեր»-ում աուդիտն ազնիվ եւ թափանցիկ է լինելու: Այս մասին հուլիսի 31-ին Հայաստանի Հանրային խորհրդում հայտարարեց Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նա համաձայն չէ Խորհրդի անդամների կարծիքին, որ աուդիտորներին կարելի է գնել՝ իշխանությունների համար շահեկան արդյունք ստանալու համար:
Աուդիտ անցկացնելու առաջարկ է ուղարկվել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող 5 աուդիտորական ընկերությունների: «Վստահեցնում եմ, որեւէ նման ընկերություն չի վտանգի իր հեղինակությունը: Եթե նրանք համաձայնեն աշխատել Հայաստանում, աուդիտը կանցկացվի միջազգային չափանիշներին համապատասխան»,- ընդգծեց Գալստյանը:
Հիշեցնենք, որ, չնայած բազմաթիվ բողոքներին, հունիսի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու հայտը՝ այն հասցնելով 48.78 դրամի:
Հունիսի 27-ին, ցույցերի 6-րդ օրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պետական պաշտոնյաների հետ: Նա հայտարարեց, որ մինչեւ սակագնի բարձրացման հայտի հիմնավորման շուրջ միջազգային աուդիտի ավարտը Կառավարությունը կստանձնի սակագնի բարձրացված 6.93 դրամի բեռը:
Եթե աուդիտի արդյունքներով հայտն արդարացված ճանաչվի, սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով: Հակառակ դեպքում՝ պետությունը միջոցներ կձեռնարկի՝ «Հայաստանի Էլցանցերից» գերավճարը հետ գանձելու եւ սակագնի թանկացման համար պատասխանատու պաշտոնակատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար: