News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում. այսօր` հուլիսի 31–ին, մայր ու որդի ծեծել են ահազանգով իրենց տուն եկած օպերլիազորին։ NEWS.am-ի տեղեկություններով` ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Ուսանողական 4 հասցեի բնակիչ Վլադ Գրիգորյան կտրել է դաստակի երակները եւ ահաբեկում է հարեւաններին։

Ահազանգով դեպքի վայր գնացած օպերլիազոր Արման Ֆնդկյանի վրա հարձակվել է Վլադի մայրը, աթոռով հարվածել ոստիկանի գլխին, ապա մայր ու որդի հարձակվել են ոստիկանի վրա ու փորձել խլել զենքը: Հնչել են կրակոցներ, առայժմ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում։ Տանտերը` Վլադ Գրիգորյանը,  հրազենային վնասվածք է ստացել, նա եւ ոստիկանը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս պահին երկու տուժածներն  էլ գտնվում են հիվանդանոցում: Հիվանդանոցից NEWS.am–ին հայտնեցին, որ օպերլիազորը ստացել է գլխուղեղի ցնցում, իսկ նրան հարվածող քաղաքացին` ոտքի հրազենային վնասվածք։ Այս պահին հիվանդանոցում են նաեւ մեծ թվով ոստիկաններ, քննիչներ:

Հարեւանները մեր թղթակցին պատմել են, որ մայրն էլ, որդին էլ տառապում են հոգեկան հիվանդությամբ։ Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ Վլադ Գրիգորյանը հաշվառված է Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում եւ տարբեր հանցագործությունների համար նախկինում 6 անգամ դատապարտվել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ