News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Էրեբունի թաղամասի Ռոստովյան փողոցի 6 տների բնակիչներ հուլիսի կեսից զրկված են խմելու ջրից։ Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին, որ մոտ տասնհինգ օր առաջ ջրագիծը վնասվել է. «Երևանջուր» ՓԲԸ–ից եկել, տեսել են, որ խողովակը փտած է, առկա է ջրի կորուստ և որևէ լուծում տալու փոխարեն անջատել են տների ջրամատակարարումն ու հեռացել։

Դադարեցված ջրամատակարարմամբ տների բնակիչները ստիպված են խմելու և առօրյա օգտագործման համար ջուրն ամեն օր բերել հարևանների տներից կամ ցայտաղբյուրներից։ Առավել բարդ է այն թոշակառուների վիճակը, որոնց տանը երիտասարդներ չեն ապրում։ 87-ամյա Արաքսյա Պետրոսյանը, ով ապրում է իր հաշմանդամ որդու հետ, պատմեց, որ մնացել է բարի մարդկանց հույսին։

 «Էստեղից-էնտեղից բարի մարդիկ շշերով մեզ ջուր են բերում։ Առանց ջրի էս շոգին հնարավոր չէ ապրել։ Խիղճ չունեն։  Էս շոգին արդեն քանի օր առանց ջրի ապրում ենք։  Զուգարանի համար ջուր է պետք, շորերը լվանալու համար ջուր է պետք»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Արաքսյա Պետրոսյանը։

Անելանելի վիճակում հայտնված կնոջը մտահոգում էր հատկապես այն, որ ըստ օդերևութաբանների կանխատեսումների` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 40–ից բարձր է լինելու,  անհրաժեշտ է լինելու շատ ջուր օգտագործել և տնից դուրս չգալ, մինչդեռ իրենք ստիպված են լինելու ջուրը անգամ խմելու համար խնայել։

Բնակիչներն ասացին, որ դիմել են «ԵրևանՋուր» ՓԲԸ-ին, նրանց պատասխանել են, որ իրենց խնդիրը հերթի մեջ է, և որ խնդրին լուծում կտրվի։

«Գնում դիմում ես, ասում են՝ կանենք։ Ասում են՝ եկել, փակել ենք, որ կորուստ չլինի։ Խնդիրը գրաֆիկի մեջ է՝ կգանք կսարքենք։ Դե մենք էլ սպասում ենք, որ գան սարքեն»,- NEWS.am-ի թղթակցին ասացին բնակիչները։

Մինչդեռ «Երևանջուր» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը մեր հարցմանն ի պատասխա ասաց, որ վնասված է ոչ թե «Երևանջուր» ՓԲԸ-ին պատկանող ջրագիծը, այլ ջրագծի այնպիսի հատված, որի սպասարկումը կազմակերպության իրավասության մեջ չէ։ Նա նշեց, որ ՓԲԸ-ին պատկանում է միայն ջրագծի գլխավոր հատվածը, իսկ այն հատվածները, որը բնակիչներն են անցկացրել դեպի իրենց տները, իրենց հետ կապ չունի։ Նա նշեց, որ խնդիրը կարող է լուծվել, երբ տարածքի բնակիչները միավորվեն և իրենց ֆինանսական միջոցներով կառուցեն նոր ջրագիծ։

«Մեր մասնագետները պարզել են, որ վնասվել է ոչ թե «Երևանջուր» ՓԲԸ-ին պատկանող ջրագիծը, այլ տեղի վեց ընտանիքների հավաքական ջրագիծը։ Մենք ջրի կորուստը դադարեցրել ենք, բայց քանի որ այդ խողովակը մաշված է, տեխնիկապես հնարավոր չի վերանորոգել, այսինքն դա մեր գործն էլ չի։ Եթե օգնության կարիք լինի՝ կօգնենք բնականաբար՝ խորհուրդ տալով կամ տեխնիկապես, բայց կառուցել՝ ոչ։ Դա իրենց ջրագիծն է, ո՞վ պիտի գնա իրենց համար կառուցի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուրադ Սարգսյանը։

Ստացվում է, որ եթե բնակիչներն ի վիճակի չլինեն վճարել նոր ջրագծի համար, մնալու են առանց ջրի, իսկ «ԵրեւանՋուրը» դրա համար պատասխանատվություն չի կրելու, քանի որ կառավարության 2004թ. համապատասխան որոշմամբ` «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումները կամ կատարված միացումների փոփոխություններն իրականացվում են բաժանորդի հաշվին»։

Տպել
Ամենաշատ