Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով արդեն 6-րդ օրը Հանրապետության հրապարակում նստացույց անցկացնող «Ոտքի Հայաստան» շարժումն այսօր՝ օգոստոսի 1-ին կպահանջի որոշ պաշտոնյաների հրաժարականները: Այս մասին NEWS.am-ին ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Վահագն Լեւոնյանը՝ չմանրամասնելով, թե ում հրաժարականներն են պահանջելու:
«Քանի որ այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀԾԿՀ որոշումը, ՀԾԿՀ-ից չեղարկում պահանջելը կորցնում է իր ակտուալությունը եւ դրա փոխարեն պահանջելու ենք հրաժարականներ: Որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտնում, բայց դեռ չեն հայտարարել՝ որտեղից են սուբսիդավորելու ավելացված 6.93 դրամը: Սա արհամարհանք է ժողովրդին ու մեզ համար անթույլատրելի է»,- ասաց Վահագն Լեւոնյանը:
Վահագն Լեւոնյանը նշեց, որ շարժումը հայտարարություն կտարածի, որտեղ հստակ նշված կլինի, թե իրենք ում հրաժարականներն են պահանջում: Նրանք կշարունակեն նստացույցը:
Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Հուլիսի 27-ին նրանք 72-ժամյա նստացույց հայտարարեցին Հանրապետության հրապարակում: 72 ժամն արդեն լրացել է, սակայն ակտիվիստները շարունակում են մնալ Հանրապետության հրապարակում, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին եւ նստացույց չեն արել հրապարակի կենտրոնում` «գորգին»: