News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ:

Կառավարության ղեկավարը նախ այցելել է Գյումրի քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի» նորակառույց շենք: Այդ նպատակով կառավարության որոշմամբ գումար էր հատկացվել պետական բյուջեից. շինարարական աշխատանքները տևել են 2006-2015 թթ., շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 890.0 մլն ՀՀ դրամ: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել շենքի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքի արդյունքներին և աշխատակազմի գործունեության ստեղծված շենքային պայմաններին: Վարչապետին են ներկայացվել ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները (սեյսմակայուն շինարարություն, ինժեներային սեյսմաբանություն, երկրաֆիզիկական սարքաշինություն, երկրամագնիսականություն և այլն) և գործունեության հիմնական ոլորտները (ՀՀ սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում, շենքերի և կառուցվածքների, տարածքների սեյսմիկ անվտանգության ապահովման համակարգերի մշակում, ՀՀ տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտում և այլն):

Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն էր՝ գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից մեկը Հայաստանում: Հովիկ Աբրահամյանը շրջայցի ընթացքում հետևել է արտադրական գործընթացին, ծանոթացել ձեռնարկության ապրանքատեսականուն, արտադրանքի ծավալին, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու ծրագրերին: 2001 թ. հիմնադրված «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանացի  և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն. տարեկան թողարկված արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն ՀՀ դրամ: Ձեռնարկությունում աշխատում է մոտ 290 մարդ՝ 85000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերության միջոցներով կառուցվել և 2014 թ. շահագործման է հանձնվել արտադրական նոր մասնաշենք՝ 2900 քառ. մետր մակերեսով:

Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու Հայորդաց տանը, որը բացվել է 2014 թ. դեկտեմբերին: Կենտրոնն ունի շուրջ 170 սան, որոնց համար գործում են դասական, ժողովրդական պարերի, թատերական, նկարչության, քանդակագործության դասարաններ, երգչախումբ և նախակրթարան: Սեպտեմբերից կգործեն նաև կարատեի, սամբոյի, ակրոբատիկայի, դիզայնի և ժամանակակից պարերի դասարաններ, որոնք հաճախելու համար արդեն դիմել է ևս 130 սան: Վարչապետը շրջել է դասարաններով, զրուցել սաների հետ և գոհունակություն հայտնելով Գյումրու Հայորդաց տան գործունեության կապակցությամբ՝ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել կառույցի գործունեության  խորացմանը և զարգացմանը:

Վարչապետ Աբրահամյանն այցելել է նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն, ծանոթացել «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայանի գործունեության ընթացքին: Ենթակայանի շինարարությունն իրականացվում է գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ (14.7 մլն եվրո):

Ենթակայանը բարձր լարման էլեկտրաէներգիան ատոմակայանից, հիդրոէլեկտրակայաններից և ջերմաէլեկտրակայաններից տեղափոխում է ՀՀ Շիրակի մարզ և մատակարարում մարզի էլեկտրաենթակայաններին:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Շիրակի մարզ աշխատանքային այցի գլխավոր նպատակը մարզում տնտեսության ակտիվացման ու նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն ու ծրագրերի իրականացումն է: Վարչապետն ընդգծել է, որ այդ հարցում կառավարությանն աջակցելու և գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է հայտնել շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը: «Մենք այդ հարցը քննարկել ենք կառավարությունում պարոն Սրմաքեշի հետ, և նա առաջարկել է 10 մլն ԱՄՆ դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը,  որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Կարծում եմ՝ դա կնպաստի տնտեսական ակտիվությանը և աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի մարզում: Առաջարկել եմ, որ նաև կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն ունենա, ընդհանուր գումարը կկազմի 12 մլն ԱՄՆ դոլար, և ամենակարևոր հանգամանքը, որ դա լինելու է տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը եզրափակվել է Շիրակի մարզպետարանում կայացած ամփոփիչ խորհրդակցությամբ: Նախ և առաջ վարչապետն անդրադարձել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությանը՝ կարևորելով Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող նման ընկերությունների ներկայությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ձեռնարկության ընդլայնման ծրագրերին: «Լենտեքս« ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանը խոստացել է, որ համապատասխան տարածք և վարկային ռեսուրսներ ունենալու դեպքում ընկերությունը պատրաստ է մեծացնել արտադրական ծավալը և մարզում շուրջ 300 նոր աշխատատեղ ստեղծել: Այս հարցերի առնչությամբ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին և առաջարկել ընկերության տնօրենին՝ սեղմ ժամկետում մշակել և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բիզնես ծրագիր: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անձամբ է հետևելու վերոնշյալ բոլոր գործընթացների կազմակերպմանը՝ տարածքի տրամադրումից մինչև վարկային ռեսուրսների հատկացում:

Այնուհետև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, զեկուցելով մարզում բերքահավաքի աշխատանքների մասին, նշել է, որ դրանք  ընթացքի մեջ են, և ակնկալվում է հավաքել մոտ 140 հազար տոննա, որը ռեկորդային է մարզի պատմության մեջ: Վարչապետը հետաքրքրվել է հացահատիկի բերքի ընդունման և իրացման գնով ու նշել, որ կառավարությունը հետամուտ կլինի և մթերող ընկերությունների հետ կբանակցի փոխշահավետ գնի շուրջ, որը փոխընդունելի կլինի և´ մթերող կազմակերպությունների, և´ գյուղերի բնակիչների համար: Այնուհետև Շիրակի մարզպետը նշել է, որ մարզի առաջնահերթ խնդիրների շարքում շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծումը, ճանապարհների վատ վիճակը և վթարային շենքերի առկայությունը և զեկուցել այդ կապակցությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես, Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ այս տարի կառավարության որոշմամբ հրատապ ծրագրերով մարզին հատկացվել է 530 մլն ՀՀ դրամ, որից 304 մլն ՀՀ դրամը նախատեսվում է ուղղել ճանապարհաշինությանը և մարզի ճանապարհների վիճակի բարելավմանը: Մնացած գումարն ուղղվելու է դպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների բարեկարգմանը և շենքային պայմանների բարելավմանը, համայնքներում ենթակառուցվածքների նորոգմանը և այլն:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքով: Նշենք, որ կառավարության ղեկավարի հանձնարարությամբ 2014 թ. հոկտեմբերին Գյումրիում մեկնարկել էր բնակարանատերերին սեփականության վկայագրերի տրամադրումը: Մարզպետ Ցոլակյանը նշել է, որ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագրերի համար անցած տարի հատկացված 1.5 մլրդ ՀՀ դրամից 146 մլն ՀՀ դրամ տնտեսվել է, և քաղաքաշինության նախարարության հետ քննարկման արդյունքում առաջարկվում է տնտեսված գումարից 61 մլն ՀՀ դրամ հատկացնել 8 բազմանդամ ընտանիքի բնակապահովման խնդիրը լուծելու համար: Դրական արձագանքելով առաջարկին՝ վարչապետը հանձնարարել է հարցն ընդգրկել կառավարության առաջիկա նիստի օրակարգ և, կարևորելով ԲԳՎ տրամադրման գործընթացի շարունակականությունը, համապատասխան հանձնարարականներ տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ