News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն Հայաստանում: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն հայ-գերմանական հարաբերությունները, հատկապես միջխորհրդարանական կապերը: Նա նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել են երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի հարաբերությունները, հաճախակի են դարձել փոխայցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հավասարակշռված մոտեցումը մեր երկրին առնչվող տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ պատանիներն ու երիտասարդները մասնակցում են գերմանական կրթական ծրագրերին, կատարում փոխայցեր, եւ այս տարի նույնպես ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ընդունել երկու ուսանող Գերմանիայից:

ՀՀ ԱԺ նախագահը իր աջակցությունն է հայտնել դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերի հարցում:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ տարիների ընթացքում ձեւավորվել են բարեկամական, սերտ հարաբերություններ, հատկապես խորհրդարանական համագործակցության ոլորտում:

Դեսպանը նշել է, որ տնտեսական համագործակցության ոլորտում ինքն ունի մեծ փորձ եւ հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կձգտի սպառել այն ներուժը, որն առկա է երկու երկրների միջեւ: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշել է, որ Գերմանիան ուրախ կլիներ, եթե մեր երկիրը կարողանար բարելավել իր հարաբերությունները հարեւան բոլոր երկրների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ