Հայաստանում վերելակների սպասարկման ոլորտում խնդիրներ կան, էլեկտրամեխանիկները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով:Այս մասին այսօր ` օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
«Տեսեք` եթե վերելակների տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն վերելակները պետք է ենթարկվեն պարբերական զննումների` ամենօրյա, ամենշաբաթյա, 10 օրը մեկ, ամիսը մեկ, 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ, էլեկտրամեխանիկները ֆիզիկապես ի վիճակի չեն դա անել: Վերելակների քանակը շատ մեծ է: Փաստացի մենք կարող ենք ասել, որ շատ տեղերում մենք չունենք տեխնիկական սպասարկում, մենք ունենք վթարային ծառայություններ: Ասել է թե` եթե սարքին չլինի, էլեկտրամեխանիկը կգնա, կվերանորոգի»,- նշեց Հովհաննիսյանը:
Լուսինե Հովհաննիսյանի խոսքով, սպասարկման ոլորտում կա մասնագետների պակաս, երիտասարդներին չի գրավում այդ ոլորտը. «Աշխատավարձերը ցածր են, եւ նոր սերնդի մասնագետները`ավելի ջահել կադրերը, այս համակարգ չեն մտնում»:
Նա նշեց, որ կա նաեւ պահեստամասերի խնդիր, դրանց ներկրումը թանկ է եւ ժամակատար:
«Այն վերելակաշինական գործարանները, որ խորհրդային տարիներին արտադրել են վերելակներ, արտադրել են պահեստամասեր , հիմնականում չեն գործում, կամ գործում են մասնակիորեն»,- ասաց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետը:
Նա հավելեց, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անադամակցումը կարող է դրական ազդեցություն ունենալ. «Ռուսաստանում կան վերելակաշինական գործարաններ: Այսօր պահեստամասեր ներկրելը շատ թանկ է, հետագայում, որպես ԵՏՄ երկիր այդ պահեստամասերը էլ ավել էժան գներով կներկրվեն մեր հանրապետություն»:
Խոսելով իրենց փորձագիտական կենտրոնի կատարած աշխատանքի մասին` Լուսինե Հովհաննսյանը նշեց, որ բնակելի շենքերի պարագայում տեխնիկական փորձաքննության պայմանագիր կնքվում է համատիրության հետ, բայց կան համատիրություններ, որոնք չեն կնքում պայմանագիր:
Նրա խոսքով` պայմանագիրը կնքվում է համատիրության հետ, քանի որ վերելակները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ գրանցված են համատիրությունների կազմում եւ բնակելի շենքերի պարագայում, համատիրությունն է համարվում վերելակ շահագործող կազմակերպությունը:
ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետն ասաց, որ Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո, երբ վերելակի ընկնելու հետեւանքով մահացել էր 35–ամյա Արփինե Շահբազյանը, դրական տեղաշարժ կա. «Կարծես թե զգոնությունը, թե համատիրությունների, թե շահագործողների մոտ, մի փոքր ավելի ուժեղացավ, եւ փորձաքննության տեմպերն ավելացան»: