News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց  3-րդ օրը  Հայաստանի եզդի համայնքի հասարակական գործիչներ` «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանն այսօր ժամը 20:00-ին դադարեցրել են իրենց հացադուլը: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուստամ Բաքոյանը:

«Հացադուլը դադարեցրել ենք ժամը 20:00-ին, մենք այս 3 օրերի ընթացքում ՄԱԿ-ին ներկայացրինք մեր հիմնական հարցերը` պահանջելով գոնե օրենքի դաշտում պաշտպանել եզդիների ֆիզիկական գոյատևման իրավունքը »,-ասաց նա:

Սաշիկ Սուլթանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր իրենց է մոտեցել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն, որը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկի խնդիրը ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում բարձրաձայնելու համար:

«Բրեդլի Բուզետոյին նամակ հանձնեցինք, նա  վստահեցրեց, որ քայլեր կկատարի խնդիրը լուծելու համար` նշելով, որ իր լիազորությունների մեջ այնքան էլ չի մտնում դա անելը: Նա նաև խոստացավ, որ խնդիրը կբարձրաձայնի ՄԱԿ-ի կենտորնական գրասենյակում` խոստովանելով, որ ՄԱԿ-ը չի կարողանում վերահսկողություն իրականացնել խնդրի վրա և իրականացնել իր իսկ կողմից առաջադրված հիմնադրույթները»,-ասաց նա:

Սուլթանյանը նաև նշեց, որ իրենք հացադուլը որպես խնդրի լուծման տարբերակ չեն դիտել, ընդամենը ցանկացել են ցույց տալ, որ օրինական դաշտում նաև ծայրահեղ քայլերի կարող են դիմել. «Ուզում էինք ցույց տալ, որ ՄԱԿ-ը իր պարտավորությունները չի կատարում և այս քայլով ՄԱԿ-ին ստիպեցինք վերանայել իր հայացքները, քանի որ 1 տարվա ընթացքում ՄԱԿ-ը ոչինչ չի արել եզդիների ցեղասպանությունը կանխելու համար»:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ օգոստոսի 1-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ հացադուլ սկսած Ռուսատմ Բաքոյանը և Սաշիկ Սուլթանյանը ՄԱԿ-ից պահանջում են ջանքեր գործադրել 1 տարի Իրաքի հյուսիսում շարունակվող եզդիների ցեղասպանությանը վերջ տալու համար, աջակցել  եզդիների անվտանգությունն ապահովելու համար շրջանում եզդիական ինքնավարություն ստեղծել հարցում, ջանքեր գործադրել  «Իսլամական պետության» գերության տակ  գտնվող 8000-9000 եզդի պատանդներին ազատելու համար:

Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:

2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում և հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետևանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի և ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել և տեղափոխվել Սինջարի լեռներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ