News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեսրոպ Մատոցի անվան Մատենադարանի բարեկամներ՝ բոստոնաբնակ երկու հայուհիների՝ Մարիա եւ Բեատրիս Ղրդյանների կողմից, եւ Մատենադարանի տնօրենության նախաձեռնությամբ, ստեղծվել է «ՄԱՇՏՈՑ» հայ մշակույթի պահպանման եւ զարգացման հիմնադրամը:

Այդ մասին տեղեկացնում են Մատենադարանի Միջազգային կապերի բաժնից: 2015 թ. ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի եւ հիմնադրամի համանախագահներ՝ Մարիա եւ Բեատրիս Ղրդյանների միջեւ ստորագրվեց «ՄԱՇՏՈՑ» հայ մշակույթի պահպանման եւ զարգացման հիմնադրամ»ի ստեղծման պայմանագիրը, որը նոր ուղիներ է բացում Մատենադարանի կրթական, գիտական եւ մշակութային ծրագրերի առավել ընդլայնման ու զարգացման համար:

Հիմնադրամի կարեւորագույն խնդիրներից են՝ Մատենադարանի շրջանակներում իրենց գործունեությունը ծավալող երիտասարդ գիտնականների, այդ թվում ասպիրանտների, հայցորդների գիտական, ստեղծագործական, կրթական գործընթացի արդյունավետ ապահովումն, աջակցումն ու խթանումը: Երիտասարդ գիտնականների ներգրավումը գիտաուսումնական, գիտահետազոտական աշխատանքների մեջ:

 «Մենք շատ ենք սիրում ճանապարհորդել, շատ-շատ երկրներում ենք շրջագայել, բայց այստեղ ամեն ինչ հարազատ է, Մատենադարանում մենք մեզ զգացինք ինչպես հարազատ օջախում, տեսանք, շփվեցինք շատ երիտասարդների հետ: Ուրախ ենք տեսնելու երիտասարդ գիտնականների աշխույժ ներգրավվածությունը ձեր աշխատանքներում: Մենք բարձր ենք գնահատում Ձեր կատարած աշխատանքը, եւ ի սրտե ցանկանում ենք, որ այս հիմադրամը ծառայի երիտասարդ գիտնականների գիտելիքների եւ հմտության համալրմանն ուղղված ծրագրերին», ասել է Բեատրիս Ղրդյանը՝ նշելով, որ հիմնադրամը հենց այդ նպատակով է ստեղծվել:

Ի դեպ, մեկ տարի առաջ, 2014 թ. հոկտեմբերին հայրենիք ժամանած Մարիա եւ Բեատրիս Ղրդյանները Մատենադարանին նվիրաբերեցին իրենց ընտանիքին պատկանող տպագիր եւ ձեռագիր գրքերի ճոխ հավաքածուն (հինգ ձեռագրեր, որոնցից մեկը՝ 17-րդ դարում գրված Աստվածաշունչ մատյան է, իսկ մյուս չորսը՝ արաբատառ ձեռագրեր, եւ շուրջ 144 կտոր հնատիպ գրքեր, մեծ մասամբ 17-18-րդ դարերի հայ գրքարվեստի երախայրինքներ): Բացի վերոհիշյալ հազվագյուտ գրքերից, վերջերս Մատենադարան հասան նաեւ Ղրդյան քույրերի կողմից նվիրաբերված պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական երկու թանկարժեք գորգեր: Ի դեպ, Մատենադարանի ֆոնդերը հարստացրած այս կարեւոր հավաքածուն, նվիրատուների ցանկությամբ Մատենադարանին է հանձնվել ի հիշատակ իրենց վաղամեռիկ եղբոր՝ մասնագիտությամբ բժիշկ Ռուբեն Ղրդյանի: «Հիմա, որ այդ բոլորը իրենց ապահով տեղը գտան՝ հանգստացան, Ռուբենի սիրտն ալ հանգստացավ», ասում էին Ղրդյան քույրերը:

Այսպես, մեկ տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո պաշտոնապես բացվեց նաեւ Ղրդյան ընտանիքի կողմից ստեղծված հիմնադրամը:

Ներկայումս Մատենադարանում իրականացվում են բազմաթիվ գիտամշակութային, կրթական ծրագրեր: Գիտական ծրագրերի մի զգալի մասը իրականացվում է երիտասարդ մասնագետների կողմից, որոնց թիվը բավականին աճել է վերջին տարիների ընթացքում եւ որոնց հետ Մատենադարանում մեծ հույսեր են կապում: Նրանց աշխատանքները խթանելու, ուղղորդելու համար անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ: Եվ այս առումով ավելի է կարեւորվում այս հիմնադրամի ստեղծումը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հիմնադրամը ձգտելու է նաեւ միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից, այդ թվում միջազգային դոնոր կազմակերպություններից եւ անհատներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ