News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ընդհանրապես փառահեղ էր. այսպիսի հրաշալի կարծիք ընդհանրապես ակնկալելն էլ դժվար էր։ Կարելի է ասել, որ Վենետիկի հանձնաժողովը կանաչ լույս բացեց սահմանադրական բարեփոխումների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:

Ինչպե՞ս եք գնահատում նոր սահմանադրությամբ ամրագրված երկփուլ ընտրությունների մասին դրույթը, որը Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է հանել: Այդ դրույթի համաձայն եթե որեւէ ուժ չի հավաքում 50 տոկոսից ավելի, 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ նոր ընտրություն է տեղի ունենում, որպեսզի որեւէ ուժ արհեստականորեն ԱԺ-ում ունենա 50 տոկոսից ավելի մանդատ: Արդյոք սրանով չի՞ սահմանափակվում քաղաքական ուժերի կոալիցիա կազմելու եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունը:

Նախ պետք է նշեմ, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկը վերաբերում է միայն Սահմանադրության նախագծից հանելուն։ Հանձնաժողովը ոչ թե առաջարկում է ընդհանրապես վերացնել այդ ինստիտուտը, այլ պարզապես տեղափոխել ընտրական օրենսգիրք։ Կայուն մեծամասնություն ստանալու կարգը, մասնավորապես երկրորդ փուլ անցկացնելը, ժողովրդավարական պետություններում նոր երեւույթ է։ Ըստ Հանձնաժողովի՝ այն ենթակա է Հփորձարկման, ինչն էլ առիթ է տվել Հանձնաժողովին, որպեսզի առաջարկի այն չսահմանել Սահմանադրությամբ։ Իմ կարծիքով՝ առաջարկ-մտահոգությունը տեղին է, քանի որ իսկապես չի բացառվում, որ ինչ-որ պահից մենք հրաժարվենք երկրորդ փուլից, տեսնելով, որ այն որեւէ կերպ չի արդարացնում իրեն։ Եթե այդ կարգավորումը սահմանենք Սահմանադրությամբ, ապա հետագայում փոփոխելու համար ստիպված կլինենք հանրաքվե անցկացնել, իսկ եթե օրենքով կարգավորվի, ապա բավարար կլինի միայն Ազգային ժողովում քվեարկել օրենքի փոփոխության օգտին։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանն ու կոալիցիա կազմելուն, ապա կարծում եմ, որ հենց այս նորությունն է իրական հնարավորություններ ստեղծում քաղաքական ուժերին ստանձնել քաղաքական պատասխանատվություն։ Միաժամանակ քաղաքական կոալիցիաներ ստեղծելու համար սա լավագույն ճանապարհն է, քանի որ քաղաքական ուժերը կգիտակցեն, որ քաղաքական ծրագրերը սոսկ նախընտրական խոստումներ չեն, դրանք պետք է վերածվեն գործի, իսկ այդ ճանապարհին պետք է կայացվեն քաղաքական ճիշտ որոշումներ։

Իսկ ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ընդհանրապես փառահեղ էր։ Այսպիսի հրաշալի կարծիք ընդհանրապես ակնկալելն էլ դժվար էր։ Կարելի է ասել, որ Վենետիկի հանձնաժողովը կանաչ լույս բացեց սահմանադրական բարեփոխումների համար։ Ավելին, Վենետիկի հանձնաժողովն ինքն է արձանագրում, որ այսպիսի համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ երբեւէ չէր ունեցել։

Բացի այդ, այս դրույթը արհեստականորեն չի՞ մեծացնում բոլորից շատ ձայն ստացած ուժի դերը, որը սակայն չի ստացել 50 տոկոսից ավելի: Ասենք շատ ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի ձայները միասին կազմում են 25-30 տոկոս, ստացվում է, որ անտեսվում են մնացած 70 տոկոսի ձայնե՞րը: Կամ եթե որեւէ ուժ ստացել է ասենք X տոկոս, ԱԺ մանդատների թիվը 101-ից ավելանալու դեպքում՝ այդ տոկոսը ինքնաբերաբար նվազում է:

Համաձայն չեմ, որ արհեստականորեն է մեծացնում։ Գործող Սահմանադրությամբ էլ բոլորից շատ ձայն ստացած քաղաքական ուժն է կազմում մեծամասնություն։ Ընդ որում այդ մեծամասնությունը միայնակ է կազմում։ Իմ կարծիքով սա նաեւ լավ հնարավորություն է, որպեսզի տարբեր քաղաքական ուժեր հենց ընտրությունների ընթացքում իրենց ծրագրերի կամ քաղաքական պատկերացումների հիմքով միանան։ Եթե առաջին փուլում չկա կայուն մեծամասնություն, ապա երկրորդ փուլում մրցակից երկու քաղաքական ուժերը պետք է քաղաքական մաիցումների գնան մյուս քաղաքական ուժերի հետ։ Իսկ այդ միացումներից արդեն կստեղծվի բազմակարծություն եւ քաղաքական երկխոսություն ապահովող մեծամասնություն։

Նոր սահմանադրությամբ ամրագրվում է, որ ԱԺ-ում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել, ինչը Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել: Ինչո՞վ է պայմանավորված նման դրույթի ներառումը, ինչո՞վ է վտանգավոր նոր խմբակցությունների ձեւավորման հնարավորությունը արդյունավետ կառավարման տեսանկյունից:

Միանշանակ պատասխան տալ չեմ կարող, բայց կարծում եմ, որ առաջարկվում է փոխել քաղաքական ուժերի կամ կառույցների ձեւավորման ու աշխատանքի հիմնական էությունը։ Որքան ինձ հաջողվել է ընդհանուր պատկերացում կազմել առաջարկվող նախագծից, ապա ենթադրվում է կայացած քաղաքական միավորումների առաջադրում եւ հետագայում աշխատանք։ Կարծում եմ, որ նախագծի հեղինակներն առաջարկում են, որ ընտրությունների մասնակցեն այնպիսի քաղաքական միավորումներ, որոնք արդեն ունեն իրենց անելիքների հստակ ծրագիրը։ Այլ կերպ ասած՝ խորհրդարան են մտնում արդեն ձեւավորված եւ պատասխանատվություն ստանձնած։

Սահմանադրության նախագծում նշվում է, որ երկրի նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որը կազմված է պատգամավորներից եւ ՏԻՄ ներկայացուցիչներից: Սակայն չի նշված, թե ինչպես են ընտրվելու ՏԻՄ-ը ներկայացնող ընտիչները, ինչը կարող է կամայական որոշումների հանգեցնել, որն էլ կարող է լրջորեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Ընտրությունների հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք չկան Սահմանադրության նախագծում։ Հենց այպես էլ պետք է լիներ, քանի որ Սահմանադրությամբ կարգավորվում են ելակետային, հիմնարար կանոնները։ Մյուս հարցերն ու կարգավորման ուղիները սահմանվելու են օրենքներով։ Չեմ կարծում, թե կարող է լինել կամայական որոշումներ այն պարզ պատճառով, որ առաջարկվում է փոփոխել նաեւ օրենսդրության համակարգը։ Այսինքն պետք է լինեն օրենքների այնպիսի տեսակներ, որոնց ընդունման անհրաժեշտ կլինի նաեւ ընդդիմության ձայներ։ Կարծում եմ այս նախագիծը առավելագույնս երաշխավորում է հնարավոր չարաշահումներից պաշտպանվելը։

Նոր սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետին անվստահություն հայտնելիս պետք է լինի անվանական քվեարկություն: Արդյոք դա լրացուցիչ կաշկանդող գործոն չէ պատգամավորի համար, որ նա չքվեարկի այնպես, ինչպես կցանկանար, մտավախություն ունենալով հետագա անցանկալի զարգացումներից իշխանության հետ հարաբերություններում:

Կարծում եմ ժամանակն է հրաժարվել այնպիսի քաղաքական գործիչներից կամ ուժերից, որոնք ասում են այլ բան, անում միանգամայն հակառակը։ Այս տարիներին մենք բազմիցս ենք ականատես եղել նման ուժերի եւ գործիչների, որոնց պատճառով էլ քաղաքական դաշտը վերածվել սիրողական զբաղմունքի։ Գլխավոր պայմանը պետք է լինի քաղաքական պատասխանատվությունը կայացրած որոշումների համար։ Ո՞ւմ է պետք այն քաղաքական ուժը կամ գործիչը, ով պետք է հանրությանն ասի այլ բան, բայց անի լրիվ հակառակը։ Այդ առումով ես շատ դրական եմ վերաբերվում կարգավորմանը։

Նոր սահմանադրությամբ նշվում է, որ ընտրությունների ժամանակ կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին եւ ծրագրային դրույթները: Ո՞րն է նման պահանջի հիմնավորումը՝ հաշվի առնելով, որ մինչ այժմ որպես կանոն ծրագրային դրույթները զուտ քարոզչական նշանակություն են ունեցել: Թե՞ այս դեպքում դրանք նաեւ իրավական փաստաթղթեր են համարվելու:

Ընդունելով խորհրդարանական կառավարման մոդելը մենք առանցքային գործիչ ենք դարձնում հենց վարչապետին։ Վարչապետն է ղեկավարելու գործադիր ողջ իշխանությունը։ Այս պայմաններում եթե քաղաքական ուժը չունենա վարչապետի իր թեկնածուն, ապա ի՞նչ նպատակով է գալիս ու կառավարման մաս փորձում կազմել։ Ձեր հարցում շատ լավ նշեցիք, որ ծրագրագրային դրույթները մինչ այժմ միայն քարոզչական նպատակով են եղել։ Իսկապես ժամանակն է, որ արտաքին ձեւավորումից անցում լինի բուն բովանդակությանը։ Կարծում եմ սա լավագույն ձեւերից է, որ քաղաքական միավորն իր ծրագիրը կազմելիս կգիտակցի, որ դրանով հաշվետու է իր ընտրողներին եւ պարտավորված կլինի այն ամբողջությամբ իրագործել։

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ