News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան 48 շենքի անմխիթար վիճակի մասին մամուլի հրապարակումներից մեկուկես ամիս անց պատկան մարմինները շարունակում են անտեսել այդ շենքում բնակվող 51 ընտանիքների խնդիրները։

«Լրատվամիջոցների անդրադարձից հետո Պետական գույքի կառավարման վարչությունը մի քանի անգամ այցեր է կատարել և վերջ: Կրկին նույն վիճակում ենք»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից տիկին Անժելան։

1992 թվականից առանց տանիքի եւ կոյուղու կիսակառույց վիճակում շահագործման հանձնված շենքի բնակիչների գլխավոր խնդիրն այժմ կարգավիճակ ստանալն է։ Բանն այն է, որ շենքը «տեր չունի». Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը տեղեկացրել է, որ շենքն իրենց չի պատկանում։ Շրջակայքում Նազարբեկյան 48 շենքը հայտնի է որպես «անտեր շենք»։

Շենքը սկսել է կառուցվել խորհրդային ժամանակների բարելավման ծրագրով, սակայն անկախությունից հետո շինարարությունը դադարեցվել է, վերջին` 9-րդ հարկն անավարտ է, տանիք այդպես էլ չի կառուցվել։ Շենքի բնակարանների մի մասը հանձնել են նախկինում հերթագրվածներին, տասը բնակարան էլ 2012թ. Կառավարությունը հանձնել է անապահով ընտանիքներին` պայմանով, որ նրանք պետք է մասնակցեն շենքի բարեկարգմանը, ինչպես բնակիչներն են ասում, պետությունն իրենց նվիրել է «տանիք առանց տանիքի»։

Մարդիկ ինքնուրույն կոյուղի են անցկացրել, կոյուղաջրերը մինչեւ հիմա թափվել են շենքից 10-15 մետր հեռավորության վրա գտնվող փոսը, որն այլեւս օգտագործման ենթակա չէ եւ շրջապատը լցրել է գարշահոտությամբ։

Տանիքի բացակայության պատճառով անձրեւաջրերը տարիներ շարունակ շենք լցվելով քանդել է պատերն ու արդեն պանելներն սկսում են ընկնել` վտանգելով հատկապես բակում խաղացող երեխաների կյանքը։ Խոնավությունից բնակիչները առողջական խնդիրներ են ձեռք բերել. «Շենքում առողջ մարդ չկա, սաղ հիվանդ են»։

Այս կիսաքանդ շենքի բնակիչները քաղաքապետարանից պահանջում են վերջապես որոշել իրենց շենքի կարգավիճակը  ու լուծել կոյուղու խնդիրը։

Տպել
Ամենաշատ