News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Բեյրութ եւ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այդ հանդիպման ժամանակ էլ Ծառուկյանը իր անունը կրող հիմնադրամի անունից 500 հազար դոլար է նվիրել կաթողիկոսությանը, որի մի մասը կօգտագործվի սիրիահայերի կարիքների համար:

Կարելի է կարծել, որ նույնիսկ քաղաքականությունից դուրս գալուց հետո Ծառուկյանը չի կարող առանց բարեգործության, որ բարեգործությունը նրա համար կենսակերպ է դարձել, եւ նա անգամ առանց քաղաքական շահախնդրության հարյուր հազարներ է նվիրաբերում Անթիլիասի կաթողիկոսությանը: Բայց Ծառուկյանի բեյրության լուսանկարները, որոնցում նա պատկերված է Լիբանանի ՀՅԴ կառույցի պատասխանատուների ընկերակցությամբ, հուշում են, որ Ծառուկյանը շարունակում է բարեգործությամբ զբաղվել բացառապես քաղաքական ենթատեքստով, եւ եթե նախկինում նա բարեգործություն էր անում հանուն ԲՀԿ-ի, ապա հիմա փոխվել է հասցեատերը, եւ Ծառուկյանի հովանավորյալն այժմ ՀՅԴ-ն է: Նույնիսկ Բեյրութի ոչ դաշնակցական կառույցներն են պնդում, որ Ծառուկյանի կողմից նվիրաբերված գումարից 200 հազարը հատկացվել է անմիջականորեն Բեյրութի ՀՅԴ կառույցին, չնայած մեծ հաշվով՝ Անթիլիասի կաթողիկոսության եւ ՀՅԴ բյուրոյի միջեւ մեծ տարբերություն չկա, եւ դրա ապացույցը դարձյալ Ծառուկյանի բեյրության լուսանկարներն են, որոնցում եթե Ծառուկյանի մի կողմում կանգնած էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ապա մյուս կողմում՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ՀՅԴ քաղաքական ու հոգեւոր կառույցների ղեկավարները:

Կես միլիոն դոլար տրամադրելով Դաշնակցությանը՝ կարեւոր չէ, թե որ երկրում, արդյոք Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու հա՞յտ է ներկայացնում՝ այդպիսով անտեսելով Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությամբ չզբաղվելու արգելքը: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ավելի իրատեսական է, որ Ծառուկյանը ՀՅԴ-ի ֆինանսավորմամբ է զբաղվում Սարգսյանի համաձայնությամբ, եթե ոչ՝ հորդորով:

Ճիշտ է, փետրվարի 12-ի իրադարձություններից հետո ՀՅԴ-ն հսկայական ջանք է գործադրել Ծառուկյանին Սերժ Սարգսյանի հետ հաշտեցնելու եւ նրան վերահաս կալանավորումից եւ կուլակաթափությունից ազատելու համար, ինչի մասին հրապարակայնորեն հայտարարեցին ինչպես Հրանտ Մարգարյանը, Աղվան Վարդանյանը, այնպես էլ ՀՅԴ-ական այլ գործիչներ, եւ այդ ծառայությունների դիմաց Ծառուկյանը պետք է վարձահատույց լիներ ՀՅԴ-ին, սակայն Ծառուկյանը դա կարող էր անել ոչ հրապարակայնորեն: Բայց Գագիկ Ծառուկյանի աջակցությունը ՀՅԴ-ին հրապարակայնացնելը պետք է ոչ միայն Ծառուկյանին, ով սիրում է հայտնվել հեռուստատեսային նորությունների ժապավենում, այլ նաեւ ՀՅԴ-ին:

Դաշնակցությունը վերջին շրջանում լուրջ նյութական դժվարությունների մեջ էր, քանի որ Սփյուռքը այլեւս չէր վստահում կուսակցության հայաստանյան քաղաքականությանը: Անընդհատ տեղեկություններ էին հայտնվում, որ Սփյուռքի տարբեր դաշնակցական կառույցներ եւ գործիչներ մտադիր են անվստահություն հայտնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտին՝ համարելով, որ հենց նա է իշխանության հետ կուսակցության սերտաճման եւ դրա հետեւանքվ կուսակցության հեղինակազրկման պատասխանատուն: Չնայած այդ փորձերի ձախողմանը, միեւնույն է՝ Սփյուռքի ՀՅԴ-ական միջավայրում ՀՅԴ ղեկավարի հեղինակությունը կասկածի տակ էր դրված:

Ծառուկյանին տանելով Բեյրութ եւ նրա հետ նկարվելով՝ Հրանտ Մարգարյանը ուզում է Սփյուռքի որոշ ընկերների ցույց տալ, որ ինքն այլեւս չունի նրանց օժանդակության կարիքը եւ ավելին՝ կարող է ինքնուրույն հոգալ կուսակցության ծախսերը՝ ոչ միայն Հայաստանում այլ նաեւ Սփյուռքում: Ծառուկյանին ինտեգրելով դաշնակցական միջավայրին՝ ՀՅԴ պատասխանատուները հույս ունեն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավորություն կունենան հօգուտ իրենց օգտագործել Ծառուկյանի ոչ միայն նյութական, այլ նաեւ վարչական եւ քարոզչական ռեսուրսները: Եվ միայն այդ դեպքում է հնարավոր, որ ՀՅԴ-ն խորհրդարանում ոչ թե 5 տոկոսանց, այլ անհամեմատ ավելի մեծ ներկայացվածություն ունենա:

Այս համագործակցության հրապարակայնացումը Գագիկ Ծառուկյանին կարող է պետք լինել մեկ այլ տեսակետից եւս: Ծառուկյանը տեւական ժամանակ բավական բարդ եւ լարված հարաբերություններ ունի Հայ Առաքելական եկեղեցու եւ հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Օգնելով Անթիլիասի կաթողիկոսությանը եւ լուսանկարվելով Արամ Ա-ի հետ՝ Գագիկ Ծառուկյանը դրանով ցույց է տալիս, որ իր խնդիրը անձամբ Գարեգին Բ-ի հետ է, եւ այդ լարված հարաբերությունների արդյունքում Էջմիածինը զրկվում է հարյուր հազարավոր դոլարներից, որոնք բաժին են հասնում Անթիլիասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ