Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը չի հրաժարվում խորհրդարանական երկփուլ ընտրական համակարգի գաղափարից, չնայած Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել այդ դրույթը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով՝ երկփուլ ընտրությունն ապահովելու է կայունություն։
«Ի տարբերություն նախագահական համակարգի՝ խորհրդարանական համակարգն ունի խնդիր, որ գործադիր իշխանությունը չի ձեւավորվում որոշակի ժամկետով։ Մենք ունենք Իտալիայի օրինակը հետպատերազմյան շրջանում, որը քառասունից ավելի կառավարություն է փոխել։ Մենք նման շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ»,- ասաց նա։
Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր երկիր ինքն է ստեղծում կայունության իր մեխանիզմը։ Թովմասյանը հիշեցրեց, որ կառավարման գործող համակարգով նախագահական ընտրություններին պարտվող քաղաքական ուժը ստիպված է լինում եւս հինգ տարի սպասել՝ հաջորդ ընտրություններին մասնակցելու։ Սահմանադրության նոր նախագծով, երկփուլ ընտրությամբ պարտվողն անկախ ամեն ինչից ստանում է ձայներ, երկրորդ փուլում չի մանդատը չի կորցնում։
«Երկրորդ փուլն էլ հնարավոր չկայանա, եթե առաջին փուլից հետո ստեղծվեն կոալիցիաներ, լինի կայուն մեծամասնություն։ Այս տարբերակն էլ բացառել չի կարելի»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Նշենք, որ արդեն հրապարակվել է Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխները։