News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 21-ին 83 տարեկանում կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանի կինը՝ Աստղիկ Զարգարյանը: NEWS.am-ի հետ զրույցում կրտսեր Ջիվան Գասպարյանը նշեց, որ Աստղիկ Զարգարյանը  ծերունական տկարության հետևանքով է մահացել:

«Ոչ մի հիվանդություն չուներ, ուղղակի ծերունական տկարություն էր: Ամբողջ կյանքում Ջիվան Գասպարյանի հետ միասին  են աշխատել Թաթուլ Ալթունյանի անվան Երգի պարի պետական անսամբլում»,-ասաց նա:

Աստղիկ Զարգարյանի  հոգեհանգստյան արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին Երեւանի Նոր Նորքիի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` հաջորդ օրը` օգոստոսի 24-ին:

Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում` դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:

Աստղիկ Զարգարյանի իրական կոչումը եղել է պարը: Նա սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցություն է ունեցել մի շարք  ներկայացումներին: Մի քանի տարի անց` 1948 թվականին, նա ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի -պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի եւ որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ: Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլ մենապարեր:

Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ