Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող 4 զինվորները նախկինում ծեծել ու վիրավորել են այլ ծառայակիցների: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
«Քննիչներն են դա ինձ ասել, իրենք են երեխաներին հարցաքննելով պարզել, որ դրանք էլի են երեխեքի ծեծել: Էդ 4 ամիսը որպես կուրսանտներ իրենք իրենց գործը չեն արել, զուտ ինքնահաստատվել են: Ամեն իրիկուն երեխաներ են տարել բիտովկա, ծեծել, վիրավորել: Հայկազը իրենց չի ենթարկվել, դրա համար ատամ են ունեցել վրեն»,- ասաց Հայկազ Բարսեղյանի հայրը:
Արկադի Բարսեղյանը կարծում է, որ եթե այդ հանգամանքները հաստատվեն, ապա կծանրացնեն մեղադրյալների պատիժը։
Սպանված 19-ամյա կուրսանտի հոր խոսքով`4 մեղադրյալներին էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտել, թեեւ, ըստ նրա, նրանք արժանի են մահապատժի։
«Ի՞նչ եք կարծում, եթե տարիներ հետո դուրս եկան, ի՞նչ են լինելու, օրինավոր քաղաքացինե՞ր են լինելու, դուրս են գալու արդեն արյան հոտ առած: Պիտի գնդակահարեն, ինչի՞ իրենց համար պետությունը պիտի գումար ծախսի»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Սպանված կուրսանտի հայրը հույս ունի, որ դատաքննությունը կսկսվի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական նոր գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը:





























